«Մեր ամուսնացած-նշանված որդիներին ինչու՞ էիք ուղարկում սահման». Ադրբեջանում սպանվածների հարազատները փակել են ճանապարհները
Ադրբեջանական
տելեգրամյան ամենամեծ ընդդիմադիր ալիքներից մեկը՝ Մաղարա մեդիան, հայտարարել է, որ
Իլհամ Ալիևի կուսակցության ամսական ծախսը կազմում է նվազագույնը 253 000 եվրո, մինչդեռ
մյուս քաղաքական կառույցներինը՝ 300, 500 կամ հազիվ 1000 եվրո։
«Առյուծ կուսակցությունը հերթական պատերազմական խաղն ավարտեց, իրենց առաքելությունից
ազատվեցին։ 40-ից ավելի զոհ ունենք։ 2-ը Ղազախի շրջանից են զոհվել (2004 թ. ծնվածներ)։
Պատերազմի դադարից հետո բոլոր իշխանամետ լրատվականները սկսեցին, այսպես կոչված, հաջողությունները
վերագրել Ալիևին»,- այս մասին ասված է «Մաղարա մեդիա» ալիքում։
150 հազար հետևորդ ունեցող ընդդիմադիր ալիքը բացահայտել է, թե ինչպես է գործում Ալիևի
բռնապետական ռեժիմն Ադրբեջանում։ Իշխանական ալիքները սկսել են լուրեր տարածել, որ հայերը
սպիտակ դրոշներով հանձնվել են, սակայն ընդդիմադիր լրագրողը հակառակն է պնդել՝ նշելով,
որ արցախցիները չեն հանձնվել և չեն էլ պատրաստվում։
«Եթե անջատողական ղարաբաղցիները հանձնվեին, նրանց վզները Ստեփանակերտում Ադրբեջանի
օկուպանտ բանակը կկտրեր։ Եթե հանձնվեին, բոլոր ալիքներով կգրեին, որ Ադրբեջանական բանակը
Ստեփանակերտում է, իսկ անջատողականների ղեկավար Շահրամանյանը ձերբակալվել է»,-իր խոսքում
նշել է ալիքի ընդդիմադիր լրագրողը։
Ըստ Մաղարա մեդիայի՝ Ալիևը փորձում է իր աղքատ ժողովրդի «գլխին խաղեր խաղալ»։
«Զոհվածների հուղարկավորությունների ժամանակ զոհերի ծնողներին նայելով՝ հայտարարելու
են, թե առանց զոհ, առանց վիրավոր հայրենիք ենք ազատագրել։ Պատվի զգացողությունից զուրկ՝
սրա ֆոնին ավելի կծաղկի իշխանավորների թալանը, Ալիևն ու իրենց ղեկավար կազմը կշարունակեն
նավթը, ոսկին թալանել, Եվրոպա քեֆերի կգնան, նախագահին լավ-լավ գումարներ կփոխանցեն»,-նշել
է ալիքը։
Ըստ նրանց՝ այս ամենի ֆոնին Ադրբեջանում բազում ընտանիքներ են դժբախտացել ու քանդվել։
«Մայրերն էլ ասում են, թե մեր ամուսնացած-նշանված որդիներին ինչո՞ւ էիք ուղարկում սահման,
բա չգիտեի՞ք, որ զոհվելու են այնտեղ։ Ղեկավարությունն էլ հետո զոհերի մայրերին կցավակցի
ու վերջ»,-նշել է լրագրողը։
Ադրբեջանական ընդդիմադիր ալիքն ու լրագրողն իրենց եթերում ներկայացրել են Ղազախի շրջանի
զոհերին՝ նշելով, որ իրենց մարդկային կորուստների պատճառը ՌԴ-ն է, քանի որ ամեն բան
տեղի է ունենում իրենց համաձայնեցմամբ։
«Եթե Պուտինը զանգեր, ասեր՝ Ալիև՛, сидеть, ուրեմն այդպես էլ պետք է լիներ»,-նշել են
նրանք։
Ադրբեջանցի ընդդիմադիրների փոխանցմամբ՝ իրենց շրջանում զոհերը հիմնականում մարզերից
էին, նույնիսկ Նախիջևանից, այնուհետև հարցնում է․
«Ինչո՞ւ եք եկել այստեղ, կռվում, կարո՞ղ է Բաքվում մարդ չկա, թո՛ղ գան, կռվեն։ Կռվու՞մ
եք, մնացեք, Նախիջևանում կռվեք, թե՞ ձեզ թվում է՝ այդտեղ կռիվ չի լինելու»։
Ալիքն ասում է, որ Ղազախում զոհված Ռավաթ Օղլուի ընտանիքն ու հարազատները ցույց էին
կազմակերպել, փակել էին ճանապարհները։
«Ղազախի վարչական ղեկավար Ռեջեփ Բաբաշովն իրավիճակը հսկողության տակ պետք է պահի, որ
Ալիևը հանգիստ իր թալանը շարունակի։ Ղարաբաղը վերցնելու հետ կապված հրճվանքը նման է
նրան, որ ես մեքենա ստանամ, բայց վարել չկարողանամ»,-եզրափակել է ալիքը։