03 Հուն
2025
-2.3° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան կանի ամեն բան 2025-ին Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու համար. Կոպիրկին

Մոսկվան կանի ամեն բան 2025-ին Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու համար. Կոպիրկին

Ռուսաստանը պատրաստ է նոր տարում անել հնարավորը՝ 2025 թվականին Երևանի և Բաքվի միջև երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար, նշվել  է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամանորյա շնորհավորանքում։

«Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման իր ջանքերի մաս, շարունակել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը հոկտեմբերի վերջին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում: Մենք պատրաստ ենք նոր տարում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաստատվի երկար սպասված խաղաղությունը՝ Երևանի և Բաքվի միջև ամուր և արդար համաձայնագրի հիման վրա», – նշել է Ռուսաստանի դեսպանը:

Այս փաստաթուղթը, նրա կարծիքով, թույլ կտա գործնականում կյանքի կոչել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունները՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է ռուս-հայկական հարաբերություններին, ապա, դեսպանի խոսքով, անցյալ տարի, չնայած մարտահրավերներին ու դժվարություններին, Մոսկվան և Երևանը հետևողականորեն աշխատել են, որպեսզի դաշինքի և ռազմավարական գործընկերության հարաբերությունները անցնեն փորձությունը։

Կոպիրկինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկրներն աջակցում են քաղաքական երկխոսությանը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Շարունակվել են երկկողմ շփումները խորհրդարանների, գործադիր և դատական ​​իշխանությունների միջև։ Դեկտեմբերի կեսերին Մոսկվայում կայացած ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի նիստում մի շարք նշանակալից պայմանագրեր են ստորագրվել։

«Մենք գոհ էինք առևտրատնտեսական ցուցանիշներից, որոնք այս տարի ավելացել են ավելի քան երկու անգամ: Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրային գործընկերը և ներդրողը: Սա սերտ բազմակողմ փոխգործակցության տրամաբանական շարունակությունն է, ինչպես նաև եվրասիական տնտեսական ինտեգրման արդյունքը»,- նշել է ՌԴ դեսպանը։