Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհը բռնկվել է զոդման ժամանակ. հայտնի է տուժածների ինքնությունը
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով 3 տուժածների ինքնությունը հայտնի է, նրանցից երկուսն ազգությամբ իրանցիներ են․ հայտնում է shamshyan.com-ը։
«Պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում Երևանի բնակիչ 40-ամյա Կորյուն Օ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արմոնդ Ա․-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ղասեմ Հ․-ն մասնավոր շինարարական աշխատանքներ կատարելիս են եղել։ Այդ ընթացքում Արմոնդ Ա․-ն ժամը 12։30-ի սահմաններում եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ խախտել է հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները, ինչի հետևանքով զոդումից առաջացած կայծերից անգարում գտնվող պայթուցիկ հրագործական միջոցները պայթել են և հրդեհ է բռնկվել։ Պայթյունի և հրդեհի հետևանքով Արմոնդ Ա․-ն, Ղասեմ Հ․-ն և նույն վայրում գտնվող Երևանի բնակիչ 36-ամյա Վարդան Ա․-ն մարմնական վնասվածքներ են ստացել»,- գրում է կայքը։
Բոլոր տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։