Երեկվանից ադրբեջանցիները դիրքավորվել են Ստեփանակերտի մատույցներում․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի
անմիջապես մատույցներում, ինչպես նաև` բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ
եկող ճանապարհին. Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար
Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ Արցախի ոստիկանությունը ռազմական
գործողությունների դադարից անմիջապես հետո, ուժեղացված ծառայություն է իրականացնում
Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, սակայն լարվածությունը բնականաբար պահպանվում է:
«Այսօր ռուսական կողմի միջնորդությամբ ու մասնակցությամբ
բանակցություններ են լինելու ադրբեջանցիների հետ, որի ժամանակ սպասվում է դետալային
քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ:
Անկեղծ ասած, ստեղծված իրավիճակում արցախցիների մոտ
առանձնապես լավատեսական սպասումներ չկան, սակայն մեծ թվով հարցերի պատասխաններ ակնկալվում
է ստանալ այս քննարկումից:
Գլխավոր հարցերից մեկը` ի՞նչ է սպասվում Արցախին
ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ արդեն պարզ
է, բայց ինչպես ասում են` «սատանան մանրուքներում է» և այսօրվա բանակցությունները հստակություն
կմտցնեն ասելիքի ու անելիքի առումով»,-գրել է նա: