08 Հուն
2025
2.3° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ «ճակատագիր» կունենա գազը Եվրոպայում մոտ ապագայում

Ի՞նչ «ճակատագիր» կունենա գազը Եվրոպայում մոտ ապագայում

Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմեդ ալ-Անսարին ասեկոսե է անվանել Սիրիայի և Թուրքիայի տարածքով Եվրոպա գազի հնարավոր մատակարարումների մասին տեղեկատվությունը։

«Մենք բոլորս լրատվամիջոցներում տեսել ենք շահարկումներ այս գազատարի վերաբերյալ։ Սա ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցների շահարկումներ», – հայտարարել  է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին, թե ինչպե՞ս է Դոհան գնահատում Սիրիայի տարածքով դեպի Թուրքիա գազատարի կառուցման հեռանկարը՝ Եվրոպա գազ մատակարարելու համար։

Միևնույն ժամանակ, համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների, Եվրոպայում գազի գինը հունվարի 7-ին  բորսայական առուվաճառքի ժամանակ առաջին անգամ 2024 թվականի դեկտեմբերի 27-ից ի վեր իջել է 500 դոլարից պակաս հազար խորանարդ մետրի դիմաց։ Օրվա սկզբից գների ընդհանուր նվազումը կազմում է մոտ 2%։

Եվրոպայում գազի գինը աստիճանաբար բարձրացել է դեկտեմբերի վերջին՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման ակնկալիքով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումների դադարեցումից հետո առաջին առուվաճառքի ժամանակ գնանշումները մի փոքր աճել են միայն 1%-ով, այնուհանդերձ մնալով առավելագույն մակարդակում՝ սկսած 2023 թվականի նոյեմբերի 15-ից: Այնուհետև գներն իջել են։

Եվրոպայում գազի միջին գինը 2024 թվականի վերջին նվազել է 17%-ով՝ հասնելով մոտ 387 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս անկման հիմնական գործոններն են տաք եղանակը, գազի պահեստավորման բարձր հզորությունը և ԵՄ-ում գազի պահանջարկի աճի բացակայությունը։ Ըստ փորձագետների՝ 2025 թվականին գազի գինը կբարձրանա համաշխարհային խոշոր շուկաներում, սակայն 2026-2027 թթ. գների անկում է սպասվում։ Եվրոպայում գալիք տարում գինը չափավոր կբարձրանա, իսկ ուկրաինական տարանցման դադարեցումը գնագոյացման առանցքային գործոն չի դառնա. սպասվում է միայն կարճաժամկետ աճ՝ մոտ 10%-ով։