Հարավային Կորեայում ներքաղաքական կյանքը եռում է․ պաշտոնանկ նախագահը շարունակում է պայքարել իշխանության համար
Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահը չի մասնակցի իմփիչմենթի առաջին դատավարությանը Հարավային Կորեայում ներքաղաքական կյանքը շարունակում է եռալ։ Արդեն պաշտոնանկ նախագահին ձերբակալելու փորձերը խափանվեցին նախագահական անվտանգության ստորաբաժանումների լարված, ժամեր տևած դիմակայումից հետո։
Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլը չի մասնակցի հաջորդ շաբաթ իմփիչմենթի առաջին լսումներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կիրակի օրը AFP-ին է հայտնել նրա փաստաբանը:
Յունը թաքնվում է նախագահական նստավայրում և պահպանվում էլիտար պահակախմբի կողմից այն բանից հետո, երբ անցյալ ամիս պաշտոնանկ արվեց և իմփիչմենթի ենթարկվեց՝ ռազմական դրության կարճ հայտարարումից հետո, որը երկիրը ներքաշեց քաղաքական քաոսի մեջ: Նա հրաժարվել է հանդիպել դատախազների և քննիչների հետ։
Հունվարի 14-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը նշանակել է հինգ դատական նիստ, որոնք կկայանան նրա բացակայությամբ, եթե նա չներկայանա։
«Մտահոգություններ են առաջացել անվտանգության և հնարավոր միջադեպերի առումով: Այդ պատճառով նախագահը չի կարողանա մասնակցել հունվարի 14-ին կայանալիք դատավարությանը,- ասվում է փաստաբան Յուն Քաբ Կյունի AFP-ին ուղարկած հայտարարության մեջ:- Նախագահը պատրաստ է ցանկացած պահի ներկայանալ, հենց որ լուծվեն անվտանգության խնդիրները».
Դատարանն է որոշելու՝ պաշտպանել նրա իմպիչմե՞նտը, թե՞ վերականգնել պաշտոնում։ Բացի այդ, քննիչները, որոնք ցանկանում են Յունին հարցաքննել նրա չարաբաստիկ ռազմական դրություն հայտարարելու հետ կապված ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով, նախապատրաստում են ձերբակալության հերթական փորձը։ Նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ սկզբնական յոթնօրյա օրդերը և նորը, որը նրանք ստացել են այս շաբաթ, անօրինական են: