ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնումն անօգուտ քայլ է, որը միայն կմեծացնի լարվածությունը Հրվ․ Կովկասում․ ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանում ԵՄ քաղաքացիական
դիտորդական առաքելության ընդլայնումը չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև
հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի
փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ընդհանրապես՝ Հայաստանում նրանց հայտնվելը բոլորովին անօգուտ քայլ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
կարգավորման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության
ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ գործընթացում,
որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի
և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրվել են եռակողմ համատեղ հայտարարություններում»,-
ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը
ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, այլ բերում է միայն լրացուցիչ լարվածություն և
անվստահություն։
Գալուզինը վստահություն
է հայտնել, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի քաղաքականությունն ուղղված է միայն Ռուսաստանին
տարածաշրջանից դուրս մղելուն։
«Մենք տեսնում ենք, որ Անդրկովկասում Եվրամիության քաղաքականությունն
ուղղված է բացառապես Ռուսաստանին այնտեղից դուրս մղելուն՝ միաժամանակ օգտագործելով
մեր ձեռքբերումները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում»,-
նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։