Կյանքն անկանխատեսելի է, երբեք չես կարող ասել` ինչ կլինի վաղը, կանգո’ւն մնաս, իմ Մարտունի. Ազնավուր Սաղյանի վերջին գրառումը
Այսօր հայտնի դարձավ, որ Մարտունին պաշտպանելիս զոհվել է քաղաքապետ
Ազնավուր Սաղյանը։
Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել
էր քաղաքի տոնը։
«Դժվար ժամանակներում ենք դիմավորում մեզ համար շատ կարևոր բոլոր
օրերը՝ այդ թվում՝ Մարտունու վերածննդի օրը: Այսպիսի ու ավելի ծանր օրեր շատ ենք ունեցել,
բայց հենց այս օրը, որը հիմք է ընդունվել քաղաքի օր նշելու համար, մեծագույն ապացույցն
է, որ կյանքը և իրադարձություններն անկանխատեսելի են, երբեք վստահ չենք կարող ասել,
թե ինչ կլինի վաղը: Սա ասում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը պարզ ընկալի մի փաստ.
մարտունեցին իրավունք չունի վհատվելու, մարտունեցին պարտավոր է միշտ ամուր և դիմացկուն,
ուժեղ լինել: Այս օրը մեզ համոզում է՝ յուրաքանչյուր իրավիճակից կա ելք, եթե ունենք
կամք ու վճռականություն, եթե կարողանում ենք պայքարել ու գիտենք ինչի համար է, գիտենք՝
արդարացված է այդ պայքարը: Իսկ այն իմ խորին համոզմամբ այդպիսին է:
Դժվար է այս ծանր օրերին շնորհավորանքի խոսք ասել, բայց ես ասում
եմ ու հպարտ եմ ասում՝ շնորհավոր տոնդ՝ իմ չքնաղ Մարտունի, շնորհավոր տոնդ՝ իմ հերոսածին
ժողովուրդ: Ինչ էլ լինի՝ մեր անցյալի հերոսական
էջերը մեզ այդ իրավունքը տալիս են:
Իմ խոնարհումն եմ բերում հայրենիքի պաշտպանության ու այս օրը գրանցելու
ճանապարհին նահատակված մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առաջ: Նրանց և հրաշքով կենդանի մնացած մեր տղաներին ասում եմ՝
շնորհակալ ենք, որ մեզ քաղաք ու հայրենիք նվիրեցիք: Ամեն մարտունեցի պարտավոր է խորությամբ
գիտակցել, թե այս օրվա համար, որ մենք ունենք կանգուն քաղաք, որտեղ ապրում ենք, շարունակում
ենք մեր պատմությունը, ինչ գին է վճարվել ու երախտագիտություն հայտնի նրա ստեղծողին:
Հավերժ կանգուն մնաս, իմ Մարտունի, հավետ մնաս քո զավակների ապագայի
հանդեպ վստահության երաշխիք»: