ԵԽ-ն բանաձև է ընդունել Բելառուսում ընտրությունների արդյունքները չճանաչելու կոչով
Եվրախորհրդարանի անդամները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են Բելառուսի վերաբերյալ բանաձև ընդունելու օգտին՝ կոչ անելով ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և շարունակել ընդլայնել երկրի դեմ պատժամիջոցները։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 567 պատգամավոր, դեմ է քվեարկել 25-ը, ձեռնպահ՝ 66-ը։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն և պարտադիր չեն ԵՄ կառույցների կամ ԵՄ անդամ պետությունների համար:
«Եվրախորհրդարանը դատապարտում է ազատության, արդարության և թափանցիկության բացակայությունը Բելառուսում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների նախաշեմին և կոչ է անում ԵՄ-ին, նրա անդամ երկրներին և միջազգային հանրությանը կտրականապես մերժել գալիք ընտրություններն ու նախընտրական քարոզարշավը, քանի որ դրանք չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների նվազագույն միջազգային չափանիշներին»,- նշվել է փաստաթղթում։
Նրանք նաև կոչ են արել «ԵՄ-ին և նրա միջազգային գործընկերներին ընդլայնել և ուժեղացնել պատժամիջոցներն այն անձանց և կազմակերպությունների դեմ, ովքեր պատասխանատու են Բելառուսում բռնաճնշումների և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային մասնակցելու համար»:
Հունվարի 21-ից հունվարի 25-ը ներառյալ Բելառուսում տեղի է ունենում նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկություն: Հունվարի 26-ը քվեարկության հիմնական օրն է։