Ադրբեջանի և ՄԹ-ի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը
Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Դեյվիդ Լամմին քննարկել են իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը։ Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին։
Բայրամովը կրկին առաջ է մղել ադրբեջանական քարոզչամեքենայի թեզը, թե իբր «չնայած զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության մեջ մնացած տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ շարունակում են խոչընդոտ հանդիսանալ վերջնական խաղաղության համաձայնագրի համար»: Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Կողմերը նշել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների լայն հեռանկարների առկայությունը քաղաքական, տնտեսական, այլընտրանքային էներգետիկայի, հումանիտար և այլ ոլորտներում։ Ընդգծվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացման և գործընկերային կապերի հետագա խորացման կարևորությունը։ Բրիտանացի դիվանագետը նաև շնորհավորել է Ադրբեջանին անցյալ տարվա նոյեմբերին COP29-ը «հաջողությամբ» ընդունելու կապակցությամբ և ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում համագործակցության շարունակականության կարևորությունը։
Հիշեցնեք, որ ավելի վաղ Դեյվիդ Լամմին քննադատության է ենթարկվել իր գրառման համար,որտեղ նշել է, թե Ադրբեջանը կարողացել է ԼՂ հակամարտությունում «ազատագրել» իր տարածքները: Նրան որակել են որպես «անբան և անգրագետ» և ընդգծել, որ ԱԳ նախարարի տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն «ազատագրվել է», հակասում է բրիտանական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։
Իսկ Ադրբեջանում անցկացված COP29-ը միջազգային փորձագետների և մամուլի կողմից ճանաչվել է որպես ձախողված, որի ընթացքում ոտնահարվել են կլիմայական գագաթնաժողովի հիմնարար սկզբունքները: