ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը ողջ Կովկասում և Կենտրոնական Ասիայում կնվազեն. Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկը կանխատեսում է, ընդհանուր առմամբ, ավելի դանդաղ աճ առաջիկա երկու տարիներին Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Համաշխարհային բանկի՝ այս ամիս հրապարակված կանխատեսումը, որը վերնագրված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ», ենթադրում է, որ Վրաստանը և Ադրբեջանը զգալու են իրական ՀՆԱ-ի աճի ամենամեծ անկումը կովկասյան և կենտրոնական ասիական բոլոր երկրների թվում:
Ըստ կանխատեսման՝ քաղաքական ճգնաժամի բախվող Վրաստանում, ինչն առաջացել է Արևմուտքից կառավարության կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձի հետևանքով, ՀՆԱ-ի տարեկան իրական աճի տեմպերը 2024 թվականին գնահատված 9 տոկոսից մինչև 2026 թվականը կնվազեն՝ հասնելով 5 տոկոսի: Ադրբեջանում 2026 թվականի համար տնտեսական աճը նախորդ տարվա 4 տոկոսից իջեցվել է մինչև 2,4 տոկոսի՝ պայմանավորված նավթի արդյունահանման ակնկալվող անկմամբ։ Կանխատեսվում է, որ Հայաստանի աճի տեմպերը չափավոր կնվազեն՝ նախորդ տարվա 5,5 տոկոսից հաջորդ տարի հասնելով 4,6 տոկոսի։ Կանխատեսվում է, որ Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասում տնտեսական աճը հիմնականում կմնա անփոփոխ, կամ առաջիկա տարիներին աճի փոքր անկումներ կունենա:
Նավթի արտահանման աճը 2025 թվականին Ղազախստանի աճի տեմպերը կբարձրացնի մինչև 4,7 տոկոսի՝ անցյալ տարվա գնահատված 4 տոկոսի համեմատ։ Սակայն 2026 թվականին երկրի ցուցանիշը կվերադառնա 3,5 տոկոսի: Տաջիկստանը կլինի Կենտրոնական Ասիայի ամենավատ տնտեսական ցուցանիշ ունեցող երկիրը, որի աճի տեմպը 2026 թվականին կնվազի մինչև 5 տոկոս՝ անցյալ տարվա 8 տոկոս ցուցանիշից: Կանխատեսվում է, որ Ղրղզստանում և Ուզբեկստանում աճի տեմպերը համեմատաբար կայուն կմնան առաջիկա երկու տարիների ընթացքում՝ համապատասխանաբար 4,5 տոկոս և 5,8 տոկոս: