
Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ. նրան բողոքի նոտա է տրվել
Այսօր Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա են հանձնել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողությունների» կապակցությամբ, հաղորդում է պետական IRNA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Իրանի արտգործնախարարության Եվրասիական գործերի վարչության ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման քայլերն անվանել է «վնասակար» և պահանջել, որ «նման բացասական գործողությունների կազմակերպիչներն ու հեղինակները պատասխանատվության ենթարկվեն»։
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքների դեմ վճռականորեն պայքարելու» անհրաժեշտությունը:
«Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել իրավիճակի մասին տեղեկացնել իր երկրի իշխանություններին»։
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։