ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի գործունեությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ հունվարի 1-ին Հայաստանում դադարեցվել է Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել գրասենյակի թիմը։
«Հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ս. թ. հունվարի 1-ից դադարեցրել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը:
Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Կանխելով հնարավոր հարցերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության հնչեցրած հիմնական հիմնավորումները․
Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ։
Նախագծերը չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա:
Նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։
Իրականում, ինչպես ձեզ՝ մեր բազմաթիվ գործընկերներին, հայտնի է, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հիմնական առաքելությունը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածումն է թիրախային խմբերի շրջանում, նրանց խորհրդատվության և աջակցության տրամադրումը, և նախարարության նշված հիմնավորումները կարող են վերաբերել տարբեր դերակատարների (այդ թվում բազմաթիվ նախագծերի մասնակից բուն նախարարությանը), բայց ոչ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակին. մենք չունենք լիազորություն՝ իրականացնելու նախագծերի գնահատում, ընտրություն և/կամ մոնիթորինգ։
Հակիրճ ամփոփելով մեր գրասենյակի գործունեության վերջին փուլը՝ կարևոր ենք համարում առանձնացնել հետևյալ 3 ցուցանիշները․
Ներկայումս Արևելյան գործընկերության տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ ՄԿՈւ հաստատությունների, և երրորդ տեղը՝ բուհերի կարողությունների զարգացման նախագծերի քանակով (Ուկրաինայից և Վրաստանից հետո): Այս արդյունքները մեր գրասենյակի և կրթական հաստատությունների համատեղ ջանքերի արդյունք են։
Վերջին երկու տարիներին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ Գրասենյակի ծառայություններից օգտվող շահառուների բավարարվածությունը Գրասենյակի գործունեությունից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա (9,4 միավոր 10-ից):
Գրասենյակը ունի բարձր վստահություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից։ Այն մշտապես ստացել է «շատ լավ» կամ «լավ» գնահատականներ Գործակալությանը ներկայացված բոլոր ամենամյա և ամփոփիչ հաշվետվությունների, ինչպես նաև բոլոր 4 աուդիտորական եզրակացությունների արդյունքում (վերջինը՝ BDO London, 2024 թ․ հոկտեմբեր):
Այդ գնահատականները լավագույն ապացույցն են այն բանի, որ մեր գրասենյակը ու մեր գործընկերները էական ներդրում են ունեցել ՀՀ կրթության ոլորտի զարգացման գործում, և մեր գործունեությունն ուղղակիորեն բխել է համաեվրոպական ու ազգային առաջնահերթություններից։
Չնայած ստեղծված իրավիճակին և դրա բոլոր հետևանքներին՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը լիահույս է, որ Էրազմուս+ ծրագիրը կշարունակի գործել Հայաստանում միևնույն կամ ավելի խոշոր մասշտաբներով՝ նպաստելով Հայաստանում կրթության միջազգայնացմանն ու նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։ Հաջողություն ենք մաղթում կրթության միջազգայնացման ոլորտում ակնկալվող փոփոխություններին և հույս ունենք, որ դրանք կնպաստեն համագործակցային, ազատական և միջազգային տեսանելիություն ունեցող կրթական համակարգի ձևավորմանը։
Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին ու շահառուներին՝ տարիներ շարունակ մեզ հետ համագործակցելու և ՀՀ կրթական միջավայրը բարելավելու իրենց ջանքերի համար։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախկին թիմ» , – ասված է հայտարարության մեջ։