Ֆրանսիան դատապարտել է Բաքվի խմբի ապակայունացնող քայլերը Նոր Կալեդոնիայում
«Բաքվի խումբը» նորից փորձ է կատարել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը՝ այս անգամ Նոր Կալեդոնիայում»,-, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Լեկորնուն։ Արտգործնախարարի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի կողմից Նոր Կալեդոնիայում իրականացված այս քայլերը անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է այս շաբաթ Նումեայում տեղի ունեցած Միջազգային ապագաղութացման ճակատի կոնգրեսի կազմակերպմանը, որը տեղի է ունեցել հունվարի 23-25-ը։ Համաժողովին մասնակցելու մտադրություն ունեն կղզիների և Ֆրանսիայի անդրծովյան տարածքների մի քանի ասոցիացիաների ներկայացուցիչներ, ովքեր հանդես են գալիս Ֆրանսիայից անկախության օգտին։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին Բաքվում կազմակերպված համագումարին մասնակցել են 15-ից ավելի քաղաքական կուսակցությունների և անկախության շարժումների առաջնորդներ՝ Գվադելուպայից, Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան և Անթիլյան կղզիներից։ Այնտեղ նրանք ստորագրել են հռչակագիր՝ Ֆրանսիական գաղութների միջազգային ազատագրական ճակատ ստեղծելու վերաբերյալ։
«Բաքվի խումբը» ստեղծվել է 2023 թվականի հուլիսին՝ Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում։ Խումբը հայտարարել է, որ իր նպատակն է աջակցել 21-րդ դարում գաղութատիրությունից տառապող ժողովուրդների ազատագրական պայքարին։