Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել Արցախին անհրաժեշտ պաշտպանությունը․ Վարդանյան
Հարգելի՛
արցախցիներ, ինձ համար պատիվ է ձեր կողքին լինել մեր պատմության այս ծանր պահին։ Դուք
նորից ապացուցեցիք ամբողջ աշխարհին, որ հնարավոր չէ ձեզ կոտրել ո՛չ շրջափակմամբ, ո՛չ
ֆիզիկական ոչնչացման փորձով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին
պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը,
որոնք կոտրեցին իրենց և իրենց խոսքերի նկատմամբ հավատն ու վստահությունը, որոնք կենսական
անհրաժեշտության ապրանքների փոխարեն հավանություն էին տալիս գարեջրի և մայոնեզի ներկրմանը,
որոնք կարգի չբերեցին ապաստարանները, որոնք չսովորեցրին մարդկանց, թե ինչ պետք է անել
այսպիսի իրավիճակում, որոնք իրենց իշխանությունը պահելու համար դավաճանեցին մեր ընդհանուր
Հայրենիքի շահերին, որոնք հանուն աշխարհաքաղաքական խաղերի պատրաստ են զոհել 8-ամյա
տղայի, որի սիրտը պայթել էր ռմակոծության ժամանակ։
Ես համոզված եմ՝ չնայած այս ամենին՝ մենք պաշտպանելու ենք մեր սրբազան հողում ապրելու
մեր իրավունքը, մենք վերականգնելու ենք սուրբ Հակոբավանքը և մեր մյուս հուշարձանները,
կառուցելու ենք լավագույն դպրոցներն ու համալսարանները, և Արցախում ապրող հայերի հետագա
սերունդները շարունակելու են մեր գործը», – գրել է Վարդանյանը։