Coca-Cola-ն հետ է կանչում իր արտադրանքը եվրոպական մի շարք երկրներից՝ քլորատի բարձր պարունակության պատճառով
Coca-Cola-ն հայտարարել է եվրոպական որոշ երկրներում իր ըմպելիքները հետ կանչելու մասին այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանք պարունակում են քիմիական քլորատի «մեծ քանակություն»:
Ընկերությունը հայտնել է, որ իր արտադրանքը հետ է կանչում Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների պահեստներից՝ մանրամասնելով, որ այս խմբաքանակից ապրանք է առաքվել Մեծ Բրիտանիա անցյալ տարվա վերջին, և ամբողջն արդեն սպառվել է։
Քլորատը կարող է առաջանալ, երբ քլորի վրա հիմնված ախտահանիչներն օգտագործվում են ջրի մաքրման և սննդի արդյունաբերության մեջ:
«Անկախ փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառողների համար ռիսկը շատ փոքր է», – BBC-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Coca-Cola-ն հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք չի ստացել բրիտանական սպառողների կողմից և կշարունակի համագործակցել Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ այդ հարցով:Քլորատի բարձր մակարդակը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա և հանգեցնել վահանաձև գեղձի խնդիրների, հատկապես երեխաների և նորածինների մոտ:
Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության դիետոլոգ Քարոն Գրազեթը BBC-ի հետ զրույցում նշել է. «Մենք պետք է մտածենք, թե արդյո՞ք ցանկանում ենք քիմիական նյութեր օգտագործել զովացուցիչ ըմպելիքների մեջ, որոնք օգտագործվում են հրավառության և ախտահանման համար՝ անկախ նրանից, թե որքան քիչ են դրանք»: Քլորատի բարձր մակարդակ պարունակող մթերքների օգտագործումը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, փորլուծություն և արյան թթվածին կլանելու ունակության նվազում, ավելացրել է փորձագետը՝ վկայակոչելով քիմիական նյութի վերաբերյալ վերջին հետազոտությունները:
Բելգիայի Գենտ քաղաքում գտնվող ընկերության արտադրական հաստատությունում սովորական փորձարկումների ժամանակ հայտնաբերվել են քլորատի բարձր մակարդակներ, հայտնել է ընկերության անանուն պաշտոնյան։
Չվաճառված ապրանքների մեծ մասը հանվել է պահեստներից, և ընկերությունը ներկայումս հետ է կանչում մնացածը: