ChatGPT-ի չինական մրցակիցը խուճապ է առաջացրել Սիլիկոնյան հովտում
Չինական DeepSeek ընկերությունը թողարկել է անվճար չաթբոտ, որը խուճապ է առաջացրել Սիլիկոնային հովտում ներդրողների շրջանում, ինչպես նաև մի շարք թեստերում գերազանցել է ամերիկյան Open AI ընկերության ChatGPT արհեստական բանականության հավելվածը, գրում է bbc.com-ը:
Արհեստական բանականության չինական DeepSeek-R1 հավելվածը դարձել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում Apple App Store-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող անվճար հավելվածը:
Դրա շուրջ առաջացած մեծ հետաքրքրությունը փաստացի մարտահրավեր է նետում լայն տարածում գտած համոզմունքին, որ ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում անվիճելի առաջատարն է:
Ինչպես նշում է DeepSeek-ը, նոր չաթբոտն օգտագործում է ավելի էժան չիպեր և հիմնվում ավելի փոքր տվյալների վրա:
ԱԲ օգնականը հիմնված է բաց կոդով DeepSeek-V3 մոդելի վրա, որն ըստ հետազոտողների մշակվել է 6 միլիոն դոլարից էլ պակաս գնով, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան մրցակիցների կողմից նմանատիպ մշակումների վրա ծախսված միլիարդները: Այնուամենայնիվ, այս պնդումը վիճարկվում է ԱԲ-ի բնագավառի այլ փորձագետների կողմից:
DeepSeek-ը խուճապ է առաջացրել ֆոնդային շուկայում։ Երկուշաբթի առավոտյան Եվրոպայում Nasdaq 100 էլեկտրոնային ֆոնդային բորսայում ֆյուչերսների գինը նվազել է 2,6%-ով, S&P 500-ում՝ 1,4%-ով: Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության արժեթղթերի գինը նվազել է գրեթե 10%-ով։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումների ուղղությամբ կողմնորոշված SoftBank Group-ի արժեթղթերի գինը նվազել է ավելի քան 8%-ով։
DeepSeek-ը հիմնադրել է չինացի միլիարդատեր և High-Flyer ներդրումային հիմնադրամի կառավարիչ Լիանգ Վենֆենգը: Deepseek-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է High-Flyer-ի կողմից և չի նախատեսում միջոցներ հայթայթել ներդրողներից:
Ընկերությունը «կենտրոնացած է հիմնարար տեխնոլոգիաների ստեղծման վրա, այլ ոչ թե կոմերցիոն հավելվածների: Այն պարտավորվել է ապահովել բաց կոդ իր բոլոր մոդելների համար, գրում է ChinaTalk պորտալը։
R1 ձևաչափով DeepSeek չաթբոտի թողարկումը բուռն բանավեճ է առաջացրել Սիլիկոնյան հովտում, թե արդյոք ԱՄՆ արհեստական բանականության ընկերությունները, ներառյալ Meta-ն և Anthropic-ը, կարող են պաշտպանել իրենց տեխնիկական առավելությունը: