«Մոնա Լիզան» «տեղափոխվում է»․ ԵՄ-ից դուրս ապրող այցելուների համար Լուվրի մուտքի գինը կբարձրացվի
Ֆրանսիայում հայտարարել են Լուվրի լայնածավալ վերակառուցման ծրագրերի մասին: Լուվրն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների վարկանիշում։
Վերակառուցման ընթացքում Լուվրի ամենահայտնի ցուցանմուշը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, «կտեղափոխվի» նոր սենյակ, որտեղ կտավը հնարավոր կլինի դիտել թանգարանի մնացած հավաքածուից առանձին՝ վճարովի հիմունքներով։
Նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ թանգարանը պետք է ունենա երկրորդ մուտքը զբոսաշրջիկների համար։ Նոր մուտքի հայեցակարգը կմշակվի հատուկ անցկացված միջազգային ճարտարապետական մրցույթի արդյունքներով։ «Նոր վերածնունդ» նախագծօ հեղինակ Մակրոնի խոսքով՝ բոլոր աշխատանքները պետք է տևեն մոտ հինգ տարի, և նորացված Լուվրն իր դռներն այցելուների համար կբացի 2031 թվականից ոչ ուշ։ Բայց Եվրամիությունից դուրս ապրող այցելուների՝ ներառյալ բրիտանացիների համար, Լուվրի մուտքավճարը կթանկանա 2026 թվականի հունվարից: «Նոր Վերածնունդ» նախագիծը պատասխանն էր Լուվրի տնօրեն Լորանս դե Կարսի բողոքների, որ թանգարանը բախվում է լուրջ խնդիրների՝ քայքայված ենթակառուցվածքների պատճառով: Նա նաև նշել է, որ «բոլորը համաձայն են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել «Մոնա Լիզայի» ցուցադրման պայմաններին»:
Թանգարանի օրական 30000 այցելուների մոտ երեք քառորդը հիմնականում գալիս է Լեոնարդոյի հայտնի նկարը դիտելու: Այնուամենայնիվ, այցելուներին տրվում է միջինում ընդամենը 50 վայրկյան՝ կտավը դիտելու համար։ «Հասարակությունը… չի կարողանում գնահատել նկարչի աշխատանքը, ինչը կասկածի տակ է դնում հանրությանը ծառայելու մեր առաքելությունը»,- ընդգծվել է նամակում։
«Մոնա Լիզայի» նոր վայր տեղափոխելը թույլ կտա նկարը պատշաճ կերպով ցուցադրել, միևնույն ժամանակ այցելուների համար ավելի հեշտ կլինի դիտել թանգարանի հավաքածուի մյուս գլուխգործոցները, որոնք, Մակրոնի խոսքով, այժմ շատ հաճախ անտեսվում են: Լուվրի ներքին ենթակառուցվածքը նույնպես զգալիորեն կթարմացվի և կընդլայնվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն եվրո։ Մակրոնը, սակայն, ընդգծել է, որ լայնածավալ վերակառուցումը հարկատուին ոչ մի եվրոցենտ չի արժենա, քանի որ աշխատանքը ֆինանսավորվելու է բացառապես տոմսերի վաճառքից, նվիրատվություններից և Լուվրի՝ Աբու Դաբիի կայքի հետ գործընկերության գործարքից ստացված եկամուտներից։