Հնդկաստանում ծիսակարգի ժամանակ հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել
Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում 30 մարդ է մահացել Կումբհա Մելա փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է «Ani» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
«Գիշերը Կումբհա Մելա փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով 30 մարդ է մահացել։ 25 մարդ նույնականացվել է, իսկ մնացած 5-ի նույնականացումը շարունակվում է»,- հայտարարել է ոստիկանապետ Վայբհավ Կրիշնան։
Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ 60 ուխտավոր է վնասվածքներ ստացել։
Հրմշտոցն առաջացել է այն ժամանակ, երբ ուխտավորները լվացման ծես են կատարել։
Ուխտավորների մահվան կապակցությամբ արդեն ցավակցություն են հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, երկրի նախագահն ու բարձրագույն ղեկավարությունը:
Կումբհա Մելան 12 տարին մեկ անցկացվող փառատոն է, որի ժամանակ հինդուիզմի հետևորդները հավաքվում են սուրբ գետում ընկղմվելու: Այս տարի այն անցկացվում է Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում, որտեղ միախառնվում են Գանգես և Ջամնա գետերը։