Եվրոպական տարբեր երկրների հանցավոր խմբավորումներ Կիպրոսով միլիոնավոր եվրոներ են լվացել․ ներգրավված են եղել նաև հայեր
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս փողերի լվացման հսկայածավալ գործով, որը բացահայտվել է ամբողջ Եվրոպայում գործողության արդյունքում, գրել է Cyprus Mail–ը: Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ երկու ուկրաինացի եղբայրներ իբր Լիմասոլից փողերի լվացման գործողություններ են կազմակերպել, և որ մեկը ձերբակալվել է արտասահմանում, իսկ մյուսը ազատության մեջ է։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ պատվիրատուները հայտնի գործարարներ են, ովքեր գործել են Ուկրաինայի Խերսոն քաղաքից: Նրանց միջոցով երրորդ երկրի քաղաքացիները եվրոպական տարբեր երկրներից գումար են փոխանցել Կիպրոս։ Ավելի քան մեկ տարի առաջ մեկնարկած Europol-ի և Eurojust-ի համատեղ գործողության շրջանակներում առգրավվել են խոշոր գումարներ և շքեղ մեքենաներ, և սառեցվել են 24 միլիոն եվրո արժողությամբ կրիպտոարժույթներ։
Գործողության նպատակն էր պայքարել կազմակերպված հանցավորության դեմ, որը կապված է Կիպրոսում փողերի լվացման հետ, հայտնել են տեղի ոստիկանությունից։ Կիպրոսի ոստիկանությունը մասնակցել է գործողությանը, որի ընթացքում եվրոպական մի շարք երկրներում ձերբակալվել է 23 կասկածյալ։ Եվրոպոլը հայտարարել է, որ կազմակերպված հանցավոր կազմակերպությունը, որը հիմնականում բաղկացած է Ուկրաինայից, Հայաստանից, Ադրբեջանից և Ղազախստանից մարդկանցիվ, առաջարկում է արագ առաքում և անօրինական բանկային ծառայություններ այլ հանցավոր կազմակերպություններին: Ենթադրվում էր նաև, որ Չինաստանի քաղաքացիները ևս ներգրավված են փողերի լվացման ծառայություններում:
Եվրոպոլը հայտնել է, որ կասկածյալները չարաշահել են 2022 թվականից ի վեր ուկրաինացի փախստականներին, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից տուժած այլ անձանց ԵՄ–ի կողմից առաջարկվող ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը: Երկու եղբայրները, իբր, օգտագործել են ուկրաինացի փախստականներին, ովքեր կանխիկ գումարով իրենց խնայողությունները փոխանցել էին Եվրոպա պաշտպանվելու համար։ Գումար փոխանցող բազմաթիվ մարդկանց ձերբակալելուց հետո հանցավոր կազմակերպությունը փոխել է իր մարտավարությունը՝ դիմելով կրիպտոարժույթին, որն ավելի դժվար է հայտնաբերել։
Ենթադրվում է, որ 75 միլիոն եվրո է փոխանցվել 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի փետրվար։ Միևնույն ժամանակ, Կիպրոսի ոստիկանությունը խուսափում էր շատ մանրամասներ հրապարակել Եվրոպոլի հայտարարությունից դուրս, սակայն խոսնակը Cyprus Mail-ին հաստատել է, որ Կիպրոսում փաստացի ձերբակալություններ դեռևս չկան: Յուզուկ ծածկանունով օպերացիան տևել է մեկ տարի և ուղղված է եղել հանցավոր գործունեության և փողերի լվացման դեմ: Կիպրոսում տարբեր վայրերում խուզարկության 13 հրաման է իրականացվել։ Լիմասոլում իրականացված հետաքննությունների արդյունքում առգրավվել է ավելի քան 650,000 եվրո կանխիկ, ինչպես նաև տարբեր թանկարժեք իրեր, էլեկտրոնիկա, բջջային հեռախոսներ և բանկային փաստաթղթեր և այլն: Սառեցվել են ավելի քան 25 միլիոն եվրո կրիպտոարժույթներ, առգրավվել են նաև 6 շքեղ ավտոմեքենաներ, որոնց արժեքը գերազանցում է 650,000 եվրոն: Բացի այդ՝ Կիպրոսի փողերի լվացման «Մոկաս» ստորաբաժանումն ունեցել է 14 բնակարան՝ ավելի քան 7 միլիոն եվրո արժողությամբ: