Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ և հայկական Արցախի էջը փակված չէ․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ,
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի
Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես,
ասված է.
«Հարգելի՛ պարոն Տուսկ,
Ջերմորեն շնորհավորում
եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կայացած ընտրությունների
արդյունքները, անկասկած, վկայում են Ձեր հանդեպ Լեհաստանի քաղաքացիների բարձր վստահության,
երկրի կայուն զարգացման ապահովման գործում Ձեր կարողությունների, հեղինակության և հարուստ
փորձի պահանջարկի մասին:
Մաղթում եմ Ձեզ անսպառ
եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, իսկ
Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և առաջընթաց: Ձեզ լավ ճանաչելով՝ հավատացած
եմ, որ Ձեր խոստացած «լավ քաղաքական փոփոխությունները Լեհաստանում», իրոք, անխուսափելի
են:
Ձեզ ուղղված իմ վերջին
նամակը՝ գրված 17.10.2020թ., իմ Հայրենիքի մի մասում՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախի
Հանրապետությունում) հայ ժողովրդին բնաջնջումից փրկելու համար Ձեր հրապարակավ և ոչ
հրապարակավ միջամտության խնդրանքս էր՝ որպես Եվրոպայում հայտնի առաջատար քաղաքական
գործչի:
Ցավոք, կանխատեսածս
«մեծ ողբերգությունը» տեղի ունեցավ. 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ,
Արցախում հայ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվեց հայատյացությունը պետական քաղաքականություն
դարձրած Ադրբեջանի կողմից: Հարյուր հիսուն հազար հայերից ոչ ոք չմնաց իր բնօրրանում:
Բայց հիմնախնդիրը,
մեր համոզմամբ, լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի
էջը փակված չէ:
Մեկ անգամ ևս շնորհավորում
եմ Ձեզ և հղում լավագույն բարեմաղթանքներս:
Ընդունեք խնդրեմ իմ
խորին հարգանքների հավաստիքը»։