20 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է ապահովվի Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը. Արցախի ԱԳՆ

Պետք է ապահովվի Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը. Արցախի ԱԳՆ

Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք
է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների
ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն
2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների:
Այս մասին  հայտարարություն է տարածել Արցախի
ԱԳՆ-ն ՝ Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ:

«2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով
Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28
տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի
միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ
երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման
հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ Արցախը դեռևս շարունակում է պաշարված մնալ՝ զրկված
լինելով Հայաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից և հանրապետության ժողովրդի
բնականոն կենսագործունեությունն ապահովելու հնարավորությունից: Անհրաժեշտ է նշել, որ
վատթարացող հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել առանց սննդի և առաջին անհրաժեշտության
ապրանքների հուսալի և կանոնավոր մատակարարման:

Մարդասիրական բեռի այս առաքումը, որը կազմում է մինչև շրջափակումն օրական Արցախ ներմուծվող
400 տոննա ապրանքների 7 տոկոսից պակաս, ո՛չ ծավալով, ո՛չ էլ ներմուծվող ապրանքների
տեսականիով չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը,
որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունեությունը և բնական զարգացումն ապահովելու
համար:

Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը
մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել
տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի
Միջազգային դատարանի որոշումների: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման
դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական
ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման
իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին»,
– ասված է հայտարարության մեջ։