Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, Իշխան Սաղաթելյան
Բեյրութում կայացած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել․
«Մեր 134-ամյա պատմության մեջ մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը, որը փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար։ Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։
Այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։ Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։
Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր։ Եվ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք–ձեռքի տված։
Մենք կրկին պարտավոր ենք ուժ ու կամք դրսևորել, հույսի և փարոսի դեր կատարել հինգհազարամյա պտմություն ունեցող, Արցախ ազատագրած, հաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր հուսահատ և հավատը վաղվա հանդեպ կորցրած մեր ժողովրդի համար։ Սա Դաշնակցությունն է, և սա է Դաշնակցության այսօրվա առաքելությունը։ Դաշնակցությունը հայության դիմադրողականությունն է, որ ուզում են կոտրել։ Չի՛ ստացվելու, չե՛ն կարողանալու:
Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ պետություն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնությունը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանված են մեր ազգային կառույցները, և իր առանձնահատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։
Հայրենիքի պաշտպանություն. սա պետք է լինի մեր ուղենիշը։ Գաղափար, որը պետք է դառնա համահայկական։
Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի օրակարգեր։ Կա մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պայքար։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամետ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։
Հայաստանի նկատմամբ՝ իրավունք և պատասխանատվություն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը՝ անկախ իրենց բնակվելու վայրից և քաղաքացիությունից, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը։ Հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածության կարիքը։ Մենք իրավունք չունենք նեղանալ կամ հիասթափվել մեր հայրենիքից։ Իշխանությունները ժամանակավոր են, մնայունը հայրենիքն է և պետությունը:
Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական և ուժեղ լինենք։ Դժվարությունները մարդու, ազգերի, պետությունների համար են։ Ուժ, պատիվ, հավատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, որ հզոր Հայաստան ու համախմբված հայություն ունենանք։
ՀՅԴ պատմությունը չհանձնվելու, անխոնջ ու նվիրական պայքարի պատմություն է։ Մեր պատմությունը գրվել և գրվում է ոչ թե խոսքերով, , այլ գործով։
Որեմն՝ ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ»։