Եթե Նիկոլին չհեռացնենք, կարող է հետո Ալիևի ու Էրդողանի ընտրություններին մասնակցենք. Շարմազանով
Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցության հարցը չի քննարկել, սակայն իշխանափոխության ամենաարդյունավետ ճանապարհը համարում է համաժողովրդական, ակտիվ, օրինական անհնազանդությունը․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ժողովուրդը քանի անգամ է դուրս եկել․ և՛ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ դուրս եկավ, և՛ դիմադրության ժամանակ դուրս եկավ, և՛ Բագրատ Սրբազանի։ Էլի պիտի անենք։ Եթե չի ստացվել, այսինքն՝ ցանկալի արդյունքի չենք հասել, չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել։ Քաղաքական ուժերի գործն էլ դա է, որպեսզի քննարկեն, ժողովրդի հետ հանդիպեն, ծրագրեր մշակեն»,-ասել է Շարմազանովը։
Նա նշել է, որ բոլորը պետք է ամեն ինչ անեն, որ իշխանափոխությունն ստացվի այս տարի։
«Մեր օրակարգում է այս ազգակործան, պատուհաս, կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը։ Եվ խորհուրդ եմ տալիս, որ բոլոր ընդդիմադիր ուժերի օրակարգում լինի այդ հարցը։ Եթե մենք սկսենք մտածել 2026-ի ընտրությունների, 2026-ից հետո 2030-ի ընտրությունների մասին, կարող է հետո Էրդողանի ու Ալիևի ընտրություններին մասնակցենք։ Դա լավ չէ, դրա համար պետք է բոլորս համախմբվենք և անենք ամեն ինչ, որպեսզի այս գրեթե զրոյական վարկանիշ ունեցող հակահայկական ու հակապետական իշխանությունը հեռացվի»,-ասել է քաղաքական գործիչը։