ԱՄՆ-ն տարեկան 700 միլիարդ դոլար է կորցնում Կառավարության խարդախությունների պատճառով. Իլոն Մասկ
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ կառավարությունում խարդախությունների արդյունքում` երկրի բյուջեն տարեկան կորցնում է մոտ 700 միլիարդ դոլար։
«Դաշնային կառավարությունում խարդախության հետևանքով վնասները կազմում են բոլոր վճարումների ծավալի գրեթե 10%-ը, որը մոտավորապես հավասար է տարեկան 700 միլիարդ դոլարի», – գրել է նա X-ում: Գործարարի գնահատականներով՝ վճարումների առնվազն 15%-ը՝ մոտ մեկ տրիլիոն դոլար, ամերիկյան պաշտոնյաների կողմից «բացահայտ յուրացվում» է։ Մասկը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք միլիարդավոր դոլարներ, որոնք նախատեսված էին կարիքավոր ամերիկացիներին օգնելու համար, վերահղվել են անօրինական ներգաղթը հեշտացնելու համար։
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Մասկին նշանակել է նորաստեղծ գործակալության ղեկավար, որը կոչված է բարելավելու երկրի կառավարման արդյունավետությունը, նվազեցնելու պետական ուռճացված ապարատը և պայքարելու բյուրոկրատիայի դեմ։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ DOGE-ը «կտրամադրի արտաքին խորհրդատվություն և ուղղորդում»՝ համագործակցելով Սպիտակ տան հետ։ NBC News-ի փոխանցմամբ՝ նոր կառույցը դաշնային կառավարության կազմում լիարժեք գերատեսչություն չի լինելու։ Մասկը ակնկալում է կրճատել ԱՄՆ կառավարության ծախսերը 2 տրիլիոն դոլարով:
Ինչ վերաբերում է ներգաղթին, ապա միգրացիոն ճգնաժամն այժմ ԱՄՆ-ում միջկուսակցական պայքարի առանցքային խնդիրներից մեկն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում մի քանի առիթներով հայտարարել է, որ մտադիր է անօրինական ներգաղթյալների դեմ իրականացնել Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան։