Աշխարհում մոտավորապես 280 միլիոն մարդ ամեն օր սուր սով է ապրում
Համաշխարհային բանկի պարենային անվտանգության վերջին թարմացումը ցույց է տալիս, որ պարենային ապրանքների գնաճի տեմպերը 2024 թվականին բարձրացել են Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասում:
ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) տվյալներով՝ աշխարհում մոտավորապես 280 միլիոն մարդ ամեն օր սուր սով է ապրում: Համեմատաբար քիչ տուժածներ կան Կենտրոնական Ասիայի երկրներում, թեև հարևան Աֆղանստանը շարունակում է մնալ պարենային անապահովության թեժ կետ Քաբուլում թալիբների իշխանության վերադարձից երեքուկես տարի անց:
Ընդհանուր առմամբ՝ Համաշխարհային բանկի առանձին գնահատականը ցույց է տալիս, որ 2,8 միլիարդ անհատներ ամբողջ աշխարհում չեն կարող իրենց թույլ տալ առողջ սննդակարգ: Ըստ այդմ՝ պարենային ապրանքների գնաճը շարունակում է մնալ պարենային անապահովության հիմնական աղբյուրը. Զեկույցում նշվում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրների ավելի քան 70 տոկոսը 2024 թվականի վերջին եռամսյակում ունեցել է պարենային ապրանքների գների 5 տոկոսից ավելի գնաճ։
Կովկասի և Կենտրոնական Ասիայի շատ երկրներում պարենային ապրանքների վրա գնաճային ճնշումը համեմատաբար չափավոր է եղել 2024 թվականին:
«Վերին միջին եկամուտ ունեցող երկրներից» Ադրբեջանն ու Վրաստանը կայուն աճ են գրանցել, որտեղ դեկտեմբերին Ադրբեջանում արձանագրվել է պարենային ապրանքների գների 4,4 տոկոս գնաճ, իսկ նույն ամսում Վրաստանում՝ 3,6 տոկոս: Հայաստանում նույնպես ցուցանիշը բարձրացել է, սակայն 2024 թվականի ընթացքում մնացել է 2 տոկոսից ցածր։