ԵՄ-ը կարող է միջոցներ կիրառել ամերիկյան խոշորագույն ՏՏ ընկերությունների դեմ․ Financial Times
ԵՄ-ը ծրագրում է հարվածել Սիլիկոնային հովտին պատասխան միջոցներով, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետևի բլոկի վրա մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներին, ինչը կարող է ծառայությունները ներքաշել առևտրային պատերազմի մեջ. գրել է Financial Times-ը:
Եվրահանձնաժողովը փորձում է օգտագործել իր, այսպես կոչված, «հակահարկադրանքի գործիքը» Վաշինգտոնի հետ հնարավոր վեճի մեջ՝ նշել են երկու իրազեկ պաշտոնյաներ։ Նրանց խոսքով՝ պատասխան միջոցները թույլ կտան ԵՄ-ին թիրախավորել ԱՄՆ ծառայությունների ոլորտները, ինչպիսին է Big Tech-ն է:
Պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ը դիտարկում է «բոլոր տարբերակները»։ Նրա խոսքով՝ Թրամփը օգտագործում է մաքսատուրքերի սպառնալիքը Դանիային ստիպելու հանձնել Գրենլանդիան և ճնշում գործադրել ԵՄ-ի վրա՝ հրաժարվելու ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների դեմ հարկադիր գործողություններից:
Երեքշաբթի օրը Վարշավայում հանդիպել են ԵՄ առևտրի նախարարները՝ քննարկելու հնարավոր սպառնալիքները: Առևտրային հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն ընդգծել է, որ ցանկանում է բանակցել մաքսատուրքերից խուսափելու շուրջ, սակայն ավելացրել է. «Եթե մեզ հարվածեն, մենք խստորեն կարձագանքենք»։
Որոշ անդամ երկրներ զգուշանում են առևտրային պատերազմ սկսելուց, երբ տնտեսական աճն այդքան թույլ է:
Ցանկացած հաշվեհարդար պետք է լինի համաչափ, և հանձնաժողովը պետք է ապացույցներ ներկայացնի ԵՄ արդյունաբերությանը հասցված վնասի մասին: Այն պետք է նաև հավանություն ստանա անդամ 27 երկրներից առնվազն 15-ից: Խորհրդակցությունները կարող են տևել մի քանի շաբաթ։
Ֆրանսիայի առևտրի նախարար Լորան Սեն-Մարտենը Financial Times-ին հայտնել է, որ ԵՄ-ը կարող է ավելի արագ պատասխան միջոցների կարիք ունենալ: «Արագությունը առանցքային խնդիրներից մեկն է։ Մենք պետք է ավելի արագ պատրաստ լինենք, քան նախորդ անգամ։ Մենք պետք է լինենք ավելի համախմբված և արագ»:
2018 թվականի մարտին Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել պողպատի և 10 տոկոս ալյումինի համար: ԵՄ-ին երեք ամիս պահանջվեց՝ հաստատելու իր պատասխան միջոցները ամերիկյան ապրանքների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին հայտարարել էր, որ ԵՄ ապրանքների ներմուծման մաքսատուրքեր կսահմանի, քանի որ Բրյուսելը «սարսափելի» է վերաբերվում Վաշինգտոնին։