ԱՄՆ դեսպանատունն ու USAID-ը գործել են վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե
ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ. այս մասին, Sputnik Грузия-ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որ USAID-ն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է Միացյալ Նահանգների շահերին հակասող ծրագրերի ֆինանսավորման վրա:
«Մենք իսկապես հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, առաջին հերթին, կփոխվի ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրացական պետության նկատմամբ, և կդադարի այն գարշելի համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (NED) և այլ համապատասխան կառույցների միջև», – ասել է Իրակլի Կոբախիձեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Թրամփը քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա: