
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ընդդիմությունը մանդատները դրել է ԵՄ-ի թելադրանքով
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այն հայտարարություններին, ըստ որոնց՝ երկխոսություն է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցությունների հետ։
«Ես չգիտեմ՝ ինչ երկխոսության մասին է խոսքը, երբ ընդդիմադիր այս կուսակցություններն իրենք են հայտարարություն գրել խորհրդարանը լքելու մասին եւ դուրս են եկել խորհրդարանից, դրանից հետո ինչ երկխոսության մասին կարող է խոսք լինել»,-ասել է Կոբախիձեն՝ Վրաստանի Առաջին ալիքին։
Նրա կարծիքով՝ Եվրամիությունն այսպիսի վերաբերմունքով շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ։
«Գիտեք, որ երեք ընդդիմադիր կուսակցություններին թելադրել են պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարություններ գրել, նրանց հանել են խորհրդարանից, եւ հիմա մեզ հետ խոսում են կուսակցությունների հետ երկխոսության մասին։ Ես չգիտեմ, թե այս առումով ինչ գնահատական պետք է տրվի։ Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, ապա այդ «ՀԿ»-ների՝ Deep State-ի կոնկրետ ուժերն օգտագործվում են Վրաստանում իրավիճակը խաթարելու համար։ Բոլորը տեսան, որ այլեւս չեն կարողանալու հեղափոխություն կազմակերպել։ Բացարձակապես բոլորն ամեն ինչ տեսնում են, բայց մեկ նպատակ ունեն՝ գուցե մի փոքր դանդաղեցնել տնտեսական աճը եւ այլն։ Իհարկե, մենք դա էլ թույլ չենք տա։ Ուստի զարմանալի է, երբ կոնկրետ մարդիկ մտահոգված են, որ մենք թույլ չենք տա, որ այս երկրում տնտեսությունը դանդաղի` ատելություն սերմանելով: Երբ դա անում են ԵՄ բյուրոկրատիայի բարձրաստիճան անդամները, դա ավելի ապշեցուցիչ է»,-ասել է նա:
Կոբախիձեն կոչ է արել բոլորին վերանայել իրենց վերաբերմունքը, այդ թվում՝ պրագմատիկ նկատառումներով։