
Ալիևն ու Պուտինը չեն ցանկանում թուլացնել իրենց «մաչոյի» կերպարը․ պայքար քարոզչական ԶԼՄ-ների միջոցով
Ադրբեջանցի քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովի կարծիքով՝ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա ճգնաժամը ևս մեկ նշան է, որ «Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասի տարածաշրջանը». գրում է BBC-ն։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը նույնպես վերջերս դժգոհություն է հայտնել Ռուսաստանի քաղաքականությունից, քանի որ վիրավորված էր այն փաստից, որ Մոսկվան չի միջամտել 44-օրյա ղարաբաղյան պատերազմին։
«Ռուսաստանը, որը լոգիստիկ նախագծերի առումով կախված է Ադրբեջանից, չի ցանկանում ընդունել, որ խոցել է ադրբեջանական ինքնաթիռը, ինչը հանգեցնում է Հարավային Կովկասում նրա ազդեցության ավելի մեծ կորստի»,- կարծում է քաղաքագետը։
Փորձագետը նկատել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի վրա ուժ գործադրելու հնարավորություն չունի, քանի որ «Ադրբեջանի վրա ցանկացած ռազմական հարձակում հարձակում է Թուրքիայի վրա»։
Ըստ հետխորհրդային տարածքի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևի՝ ի սկզբանե այս ամենը հիշեցնում էր խոշոր մեդիա երևույթ, ինչը խոսում էր Ադրբեջանի և Ռուսաստանի քարոզչական լրատվամիջոցների միջև վեճի մասին։ Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներին տրվել է ազատություն, սակայն դա սրում է հակամարտությունը։
Ինչպես նշվել է, երկրների ղեկավարների «մաչո» կերպարը դեր է խաղում այս հակամարտությունում, բայց ամեն ինչ կարող էր ավարտվել պատասխանատվության ընդունումով։
Ռուսական տունը փակելու որոշմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներում հրապարակումներ, որոնք «Ռոսսոտրուդնիչեստվոյին» անվանել են «լրտեսներ»։
Դրա պատճառով՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, իսկ հաջորդ օրը Բաքուն նման քայլի է դիմել և կանչել Ռուսաստանի դեսպանին՝ ի նշան բողոքի՝ «ապատեղեկատվական բնույթի հաղորդագրությունների» դեմ։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այլ առիթներով ևս սուր քննադատության են ենթարկել Ռուսաստանին։ Ադրբեջանի պետական հեռուստաալիքը հիշեցրել է հին դժգոհությունները և մեղադրել Ռուսաստանին 1990 թվականին Բաքվում ցուցարարներին գնդակահարելու մեջ։ Այն նաև «դավաճանական առաքելություն» է անվանել 2020-2024 թվականներին Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը։ Հեռուստաալիքը մեղադրել է Պուտինին 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվին «կանգնեցնելու» փորձի մեջ։
Նույնքան կոշտ են խոսել նաև ռուս քարոզիչները, բայց այս անգամ Ադրբեջանի մասին։ «Ցարգրադ» հեռուստաալիքի քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկը գրել է Ալիևի «ծայրահեղ կոպտության» մասին։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» փակո՞ւմ եք։ Դե ուրեմն, փակեք Սադովոդի շուկան (Մոսկվայի շուկան, որտեղ աշխատում են ադրբեջանցիները)», – նշվել է Պինչուկի սյունակում։
Հեղինակն առաջարկել է նաև վերանայել «բոլոր տեսակի Կրոկուս Սիթիներից և նմանատիպ այլ օբյեկտներից դեպի Ադրբեջան ֆինանսական հոսքերը», քանի որ, ըստ նրա, «ադրբեջանական օլիգարխներն արմատներ են գցել» ռուսական հասարակության մեջ։
Իսկ բլոգեր Վլադիսլավ Պոզդնյակովը կոչ է արել «լուծարել Ռուսաստանում ալիևյան սփյուռքը»։ «Ժամանակն է արձագանքել ինքնիշխանի, այլ ոչ թե՝ թուլամորթի դիրքերից», – գրել է նա։