
Ալիևի օդանավը ցանկացել են կործանե՞լ․ համացանցից հեռացված հոդվածը կրքեր է բորբոքել
Գերլարված են Մոսկվա- Բաքու հարաբերությունները: Ինքնաթիռի կործանումից հետո սկսված լարվածությունը թեժանում է։ Մեղադրանքներ են հնչում, հարաբերություններ փչանում: Մի՞թե մեկ դժբախտ պատահարին կարելի էր այդքանն քաղաքական աստառ տալ։
Օրեր առաջ ադրբեջանական Թուրան գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը, ծավալուն հոդված էր հրապարակել, թե Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի թռիչքի ժամերին Ռուսաստանի օդային տարածքում արտաքին տեխնիկական խաթարումների է բախվել նաև Իլհամ Ալիևի «Բաքու-1» ինքնաթիռը։ Ադրբեջանի նախագահն այդ օրը մեկնում էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որն ամեն տարեվերջին ավանդաբար կազմակերպում է Ռուսաստանի նախագահը։
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հիմք է ընդունել Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների հետաքննության նախնական եզրակացությունը, որտեղ արձանագրված է, որ օդանավը «Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնի օդանավակայանի մոտ, կորցրել է GPS ազդանշանը»։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է ոչ միայն Չեչնիայի, այլև ՌԴ օդային տարածքի այլ հատվածներում GPS ազդանշանի արգելափակման մասին է։