
ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել է նախապատրաստվել աշխատակազմի կրճատման
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին խնդրել է նախապատրաստվել աշխատակազմի կրճատման։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը`հղում տալով իր երեք աղբյուրներին։
ԱՄՆ դիվանագիտական կորպուսի հիմնանորոգման Թրամփի ջանքերի շրջանակում դեսպանատներին հանձնարարվել է ուսումնասիրել ինչպես ամերիկացի, այնպես էլ տեղացի աշխատակիցների կրճատման հնարավորությունը՝ յուրաքանչյուրը 10%-ով, այնուհետև աշխատուժի ցուցակը մինչև փետրվարի 14-ն ուղարկել Պետքարտուղարություն, որից հետո կորոշվեն հետագա գործողությունները:
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներում աշխատում են ինչպես դիվանագետներ, այնպես էլ տեղացի աշխատակիցներ: Ըստ Ամերիկյան դիվանագիտության ազգային թանգարանի՝ դեսպանատների աշխատակիցների մեծ մասը ընդունող երկրի քաղաքացիներ են:
Թրամփը փորձում է վերափոխել դիվանագիտական կորպուսը. փետրվարի 12-ին նա կատարողական հրաման էր ստորագրել՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հանձնարարելով ապահովել իր արտաքին քաղաքական օրակարգի «հավատարիմ և արդյունավետ իրականացումը»։