
OpenAI-ը 97,4 միլիարդ դոլարով գնելու Մասկի առաջարկը մերժվել է
Միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած համընկերության կողմից OpenAI-ը 97,4 միլիարդ դոլարով գնելու առաջարկն ուրբաթ օրը մերժվել է․ տեղեկացնում է Reuters գործակալությունը։
OpenAI-ի խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը նշել է, որ ստարտափը չի վաճառվում և որ ապագա ցանկացած հայտ կհամարվի անբարեխիղճ։
«OpenAI-ը չի վաճառվում, և խորհուրդը միաձայն մերժել է պարոն Մասկի մրցակցությունը խաթարելու վերջին փորձը: OpenAI-ի ցանկացած հնարավոր վերակազմավորում կուժեղացնի մեր ոչ առևտրային առաքելությունը՝ ապահովելու համար, որպեսզի AI-ն օգուտ բերի ողջ մարդկությանը»,- հայտարարել է Թեյլորը X-ում հրապարակված հայտարարության մեջ:
Մասկը լքել էր ընկերությունը, որը նա հիմնել էր ներկայիս գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի հետ և դրանից հետո քննադատել էր այն իր սկզբնական՝ ոչ առևտրային առաքելությունից հրաժարվելու համար: Մասկի փաստաբան Մարկ Տոբերոֆն ասել է, որ OpenAI-ը վաճառում է շահույթ հետապնդող ստորաբաժանման վերահսկողությունը, և որ գործարքը «կհարստացնի խորհրդի առանձին անդամներին, այլ ոչ թե բարեգործությանը»: