
Գերմանիան պետք է վերականգնի ինքնիշխանությունը և կապերը Ռուսաստանի հետ․ Վայդել
«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) գերմանական կուսակցության համանախագահ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի թեկնածու Ալիս Վայդելը իր առաքելություն է անվանել Գերմանիայի նախկին գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը։
Նա այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել փետրվարի 12-ին՝ Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Իմ և մեր վեհ նպատակն է զգալիորեն բարելավել և վերականգնել հարաբերությունները՝ նախևառաջ Հունգարիայի, ինչպես նաև մեր նախկին գործընկերների հետ, որոնք ներկայացված են աշխարհի հզոր պետություններով՝ ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան։ Մեր գլխավոր առաքելությունն է զգալիորեն բարելավել և վերականգնել այդ հարաբերությունները»,– հայտարարել է նա։
Վայդելը նշել է, որ իր կարծիքով, վերջին տարիներին Գերմանիան թուլացել է ձախողված տնտեսական որոշումների և անփորձ ղեկավարության պատճառով։ Նա որպես անհաջող նախաձեռնություններից մեկը նշել է իշխանությունների իրականացրած «կանաչ» քաղաքականությունը, որը ակտիվորեն խթանում էր Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
«Ես ցանկանում եմ տեսնել ազատ, բարեկեցիկ և ինքնիշխան Գերմանիա, որը լավ հարաբերություններ կունենա իր հարևանների, ինչպես նաև Արևելքի և Արևմուտքի հետ։ Սա է մեր գլխավոր նպատակը»,– ընդգծել է քաղաքական գործիչը։
Բացի այդ, իր ելույթում Վայդելը անդրադարձել է նաև Շենգենյան համաձայնագրին և Եվրոպական միասնական շուկային։