
Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունն Անդրկովկասում
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուի, Հարավային Կովկասում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շփեթի և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Անդրկովկասում կայունության ապահովման միջոցները․ ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Ընթացիկ տարվա մարտին նախատեսված Անդրկովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումների հաջորդ փուլի նախապատրաստման համատեքստում դիտարկվել են այդ բանակցային ձևաչափի մասնակիցների առջև կանգնած առաջնահերթ խնդիրները, որոնք առաջին հերթին վերաբերում են ուժի չկիրառմանը, ինչպես նաև կայուն իրավիճակի պահպանմանը վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման միջոցով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Անդրկովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումները տեղի են ունենում 2008 թվականից Ժնևում Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Աշխատանքն ավանդաբար իրականացվում է երկու աշխատանքային խմբերով՝ անվտանգության և հումանիտար հարցերով: Ժնևյան քննարկումները մնում են երկխոսության միակ հարթակը Սուխումիի, Թբիլիսիի և Ցխինվալիի միջև: