21 Փտր
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է»․ ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը

«Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է»․ ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը

Ազգային երեք կուսակցությունները հայտարարություն են տարածել․

««Չորեքշաբթի, փետրուար 12, 2025-ի երեկոյան, ՀՅԴ-ի Գլենդելի կենտրոնատեղիում, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի Արևմտյան Ամերիկայի ղեկավարության ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում, որի ընթացքում արծարծվել են Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արևմտյան Ամերիկայի հայության և հատկապէս այստեղի հայ երիտասարդության դիմագրաված ազգային բնագավառի մարտահրավերները, ինչպես նաև մեր տեղական ազգային կյանքին հուզող հարցեր: Հանդիպմանը ՍԴՀԿ-ից  մասնակցել են Միհրան Խաչատուրյանը (ատենապետ), Ռուբեն Մուղալյան և Գրիգոր Մոլոյանը, ՀՅԴ-ից՝ Կարօ Մատէնլյան (ատենապետ), Տարոն Տեր -Խաչատուրյան և Արմեն Հովհաննիսյանը, ՌԱԿ-ից՝ Թամար Փոլատյան-Փերոնը (ատենապետ), Կարո Քիւփէլյանը և Գևորգ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում շեշտը դրվել է Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը հավելյալ թափով ու առանց վարանամն կամ ընկրկման հետապնդելուն, Արցախահայության՝ իր հայրենիք վերադարձի իրավունքը ապահովելուն, Բաքվում գերեվարված Արցախի ղեկավարության և այլ արցախահայ քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև ի հեճուկս մեր առջև ծառացած բոլոր դժվարությունների, մեր անկախ հայրենի պետականությանը առավելագույն ուժերի լարումով և նպատակասլաց աշխատանքով նեցուկ կանգնելուն վրա։ Ցեղասպան Թուրքիայի և նրա գործընկեր Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությունը առկա է նաև այսօր: Հանդիպման ընթացքում որոշվեց նախորդ տարիներին հաստատված ավանդույթներով ու միացյալ ճիգերով նոր թափ տալ գաղութային Ապրիլյան ոգեկոչման միացյալ կառույցին (AGC-UACLA), և միասնական մասնակցել նախատեսված Ապրիլյան ոգեկոչումներին: Նախատեսվում են նաև երեք կուսակցությունների համատեղ ու համահունչ ճիգերով ազգային և գաղութային այլ օրակարգեր տանել առաջ:

Ակնհայտ է որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են, ու դարձյալ գտնվում ենք դժվարությունների ու աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ: Արդ, մեր կոչն է բոլորին համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներին և մեր իրավունքներին, ու մասնակցություն ունենալ ազգի անվտանգության և բարորության օգտի համար: Ահա ա՛յդ է ճիչը մեր բյուրավոր ու սրբադասված նահատակների:

ՍԴՀԿ Արևմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

ՌԱԿ Արևմտեան Ամերիկայի Շրջանային Վարչություն»։