Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր՝ Հայաստանը գրավելու ռազմավարական նպատակը․ Քերոլայն Քոքս
Ես իմ աչքերով տեսա այն վայրերը, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են ձեր հայկական հողերը։ Նաև տեսանք
Լաչինի միջանցքում այն բազմաթիվ բեռների շարասյունը, որոնց թույլ չէին տալիս մուտք
գործել Արցախ․ այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի լորդերի
պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Բարոնուհին նշել է, որ Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը
կանգնած է էթնիկ և կրոնական զտումների աճող հավանականության առջև, իսկ միջազգային հանրությունը
լուռ է։
«Դեռ ոչ մի ազգ չի արձագանքել
հայ ժողովրդի աղաղակներին։ Հետևաբար հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն հավակնություններ ունենա
Երևանի, Սևանա լճի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի
թաքցրել իր ռազմավարական նպատակը, այն է գրավել
ձեր հայրենիքը»,-հավելել է Քոքսը։
Բարոնուհին իր մտահոգությունն
է հայտնել միջազգային գերտերությունների անտարբերության վերաբերյալ։
«Ես և շատ ուրիշներ խորապես վշտացած ենք միջազգային գերտերությունների գործողություններից,
որոնք շարունակում են ճնշել ՀՀ-ին՝ ընդունելու
Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի վրա»,- ասել է նա։