22 Փտր
2025
-4.9° c ԵՐԵՎԱՆ
-7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Քրեական օրենսգիրք է կիրառվում այս տեսակ խոսքի նկատմամբ, ուրեմն անհապաղ պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետի, ՔՊ վերնախավի նկատմամբ․ Թաթոյանը՝ Էդգար Ղազարյանի գործի մասին

Եթե Քրեական օրենսգիրք է կիրառվում այս տեսակ խոսքի նկատմամբ, ուրեմն անհապաղ պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետի, ՔՊ վերնախավի նկատմամբ․ Թաթոյանը՝ Էդգար Ղազարյանի գործի մասին

Ակնհայտ է` Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ` ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ չարաշահումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ` քրեական հետապնդման արհեստական փաթեթավորմամբ։ Առավել դատապարտելի է խափանման միջոցի տեսքով հարկադրանք կիրառելու նախաձեռնությունը:

Հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքն ունի լայն սահմաններ, այն կարող է լինել ցնցող ու դուր չգալ իշխանությանը: Քաղաքական գործիչներն առավել ազատություն ունեն այս հարցում ու պետությունը դա ոչ թե պետք է լռեցնի, այլ երաշխավորի: Սա հենց Էդգար Ղազարյանի խոսքն է։

Սա չափազանց վատ նախադեպ է, որ հարվածում է ժողովրդավարական հասարակության հիմքերին ու խաթարում իրավունքի գերակայությունը: Սա նաև ակնհայտ խտրական վերաբերմունք է, քանի որ եթե Քրեական օրենսգիրք է արդեն կիրառվում այս տեսակ խոսքի նկատմամբ, ուրեմն անհապաղ պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետի, ՔՊ վերնախավը ներկայացնող մի շարք պատգամավորների նկատմամբ դատավորների նկատմամբ առավել կոպիտ բառապաշարով արտահայտությունների համար:

Այստեղ նաև մեկ այլ կարևոր հարց կա, որ պարունակում է համակարգային հեռուն գնացող վտանգներ:

ԲԴԽ-ն երեկ հանդես եկավ Էդգար Ղազարյանի վերաբերյալ հայտարարությամբ` քրեական հետապնդման սպառնալիքով, ու այն նույն շեշտադրումներով, ինչ քրեական հետապնդում է հարուցել քննչական մարմինը (համաձայն հրապարակված տվյալների):

Կարծում եմ` ԲԴԽ-ն փոխանցում («պաս») արեց իրավապահ մարմնին, որ վերջինն էլ հարուցի հետապնդում: Սա էլ, կարծում եմ, նախապես է քննարկվել ու քաղաքական մակարդակում հավանություն ստացել կամ որոշվել:

ՔՊ-ի համար այս հետապնդումն ու խափանման միջոցն ունեն ռազմավարական քաղաքական նշանակություն և անհրաժեշտ են, որ առնվազն`

1) լռեցնեն Էդգար Ղազարյանին.

2) ՔՊ-ին հրապարակայնորեն քննադատող մյուս քաղաքացիներին վախեցնեն կամ նրանց ցույց տան, որ եթե խոսեք, նույնը ձեզ հետ տեղի կունենա (սառեցնող էֆեկտ կամ chilling effect).

3) հետագայում օգտագործեն այս նախադեպը` ի պաշտպանություն գործադիր իշխանության պաշտոնյաների և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների` իրենց հրապարակային քննադատողների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար»«-գրել է նա։

Փետրվարի 21-ին հասարակական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հրավիրվել էր ՔԿ ծանր հանցագործությունների բաժին․ նրան մեղադրանք է առաջադրվել հրապարակային քննադատական խոսքի համար։