Ալիևն ասում է, որ ինքն էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց նրա արածը հենց դա է. Մենենդես
Արցախում
խանութները դատարկ են, Շտապօգնության մեքենաները չունեն վառելիք, հղիության ընդհատումները եռապատկվել են: Այս մասին
այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային
Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների մեկնարկին իր խոսքում նշել է հանձնաժողովի
նախագահ Ռոբերտ Մենենդեսը:
«Արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` թույլ չտալով
Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում:
Վերջին օրերին միայն մեկ բեռնատար է Աղդամից (ԱԿՆԱ) մուտք գործել Ղարաբաղ, մինչդեռ
այնտեղի բնակչությունը 120 հազար է: Շրջափակումից առաջ օրական 120 բեռնատար էր մտնում
ԼՂ: Ադրբեջանի նախագահ Ալիևն ասում է, որ ինքն էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց
նրա արածը հենց դա է»,-ասել է Մենենդեսը` հավելելով, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով
զորքեր է կուտակում, և իրենք պետք է զգոն լինեն։
Մենենդեսը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, սակայն հավելել
է, որ խոսակցությունն անարժեք է, եթե այդ խոսակցության մասնակիցներից մեկը էթնիկ զտումների
արշավ է իրականացնում: Նա ընդգծել է, որ իր ունեցած բոլոր ռեսուրսները գործի կդնի պետքարտուղարությանը
գործողությունների դրդելու համար: