Դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ․ Ստանոն նշել է՝ ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական
ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Խաղաղության եվրոպական
հիմնադրամի միջոցով Հայաստանին հնարավոր աջակցությունը, որի շուրջ քննարկումների մասին
ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով
բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ
զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրելու այդ աջակցությունը, Ստանոն
ասել է, որ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով հայ գործընկերների
կարիքներն ու խնդրանքը։
«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ,
բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։
Սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն
ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է որպես ամենահրատապ կարիքներ»,
– ասել է Ստանոն։