Եթե կողմերն անհապաղ քայլեր չձեռնարկեն, ԼՂ ներսում հումանիտար վիճակը կշարունակի վատթարանալ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում
արագորեն վատթարացող մարդասիրական իրավիճակից. ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ
Քարփենթերի հայտարարության մեջ։
«Մենք կրկին կոչ ենք անում
Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց,
տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»,-
նշել է դեսպանը։
Դեսպանը մտահոգվել է, որ եթե կողմերի կողմից անհապաղ քայլեր չձեռնարկվեն
լուծում գտնելու համար, ապա Լեռնային Ղարաբաղի ներսում հումանիտար իրավիճակը կշարունակի
վատթարանալ։
«Մենք կոչ ենք անում առաջնորդներին
չգնալ որևէ գործողության, որ բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից:
Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն համարում ենք անընդունելի և խոստանում՝ ԱՄՆ-ի
շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին»,-ասել է դեսպանը։