20 Նոյ
2024
12° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի իշխանությունը մոտենում է ավարտին՝ յուրաքանչյուր օր կորուստներ բերելով հայրենիքին. Ավետիք Չալաբյան

Փաշինյանի իշխանությունը մոտենում է ավարտին՝ յուրաքանչյուր օր կորուստներ բերելով հայրենիքին. Ավետիք Չալաբյան

Երեկ, ելույթ ունենալով Ազգային ժողովում, և շարունակելով իր ստերի
և մանիպուլիացիաների տարափը, ՀՀ վարչապետի պաշտոնը մինչև հիմա զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը
այս անգամ էլ հայտարարեց, որ ինքն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, քանզի դաշնակիցները
չեն օգնել կանխել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան, և իրեն այլ բան չէր մնում, քանի
Արցախի հանձնումը Ադրբեջանին, որպեսզի պաշտպանի Հայաստանի սահմանները․
այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք
Չալաբյանը:

Չալաբյանի խոսքով՝  Փաշինյանի  ասածից հետևում է, որ
անցած տարվա սեպտեմբերին, ձեռնարկելով երկօրյա ռազմական գործողություններ, և տալով
ընդամենը մոտ 500 զոհ (սեփական պաշտոնական տվյալներով ընդամենը 85), Ադրբեջանը կարողացավ
տիրանալ Արցախին, մի բան, որն այն չէր կարողացել անել 44-օրյա պատերազմի ընթացքում,
տալով մոտ 12,000 զոհ, դրան նախորդող բոլոր տարիներին, և առաջին Արցախյան պատերազմում,
երբ տվեց ավելի քան 20,000 զոհ։

«Փաշինյանի ասածից նաև հետևում է, որ Հայաստանը անպաշտպան էր մնացել
Ադրբեջանի առաջ, և հարկադրված էր ծնկի գալ Պրահայում։ Փաշինյանը սակայն չասաց, թե ինչու
էր դա տեղի ունեցել, մասնավորապես, մոռացավ ասել, թե

ա) ինչու՞ է ինքը կազմաքանդել ՀՀ Զինված ուժերի ողջ Գլխավոր շտաբը,
պաշտոնանկ արել և ձերբակալել մարտական գեներալների մեծ մասին,

բ) ինչու՞ է ինքը երկու տարվա մեջ մի քանի Պաշտպանության նախարար
և Գլխավոր շտաբի պետ փոխում, մինչև կարողացավ նշանակել բացարձակ կամակատարների,

գ) ինչու՞ է անվտանգության անմիջական սպառնալիքի տակ գտնվող երկրում
տարեցտարի ավելանում ժամկետային ծառայություննից ազատվելու հնարավորություները, և պակասում
զորակոչիկների թիվը,

դ) ինչու՞ են պայմանագրային զինծառայողները ոստիկանության պարեկներից
ցածր վարձատրվում և նախընտրում փոխել զինվորական ծառայությունը ոստիկանականով,

ե) ինչու՞ մինչև հիմա ակտիվ պահեստազոր չի կազմավորվել, թեև օրենքը
դա թույլ է տալիս, քաղաքացիներից շատերն էլ պատրաստ են պաշտպանել հայրենիքը,

զ) և վերջապես, չարաբաստիկ 2022 թ․ սեպտեմբերի
13-ին, երբ թշնամին հարձակվեց Ջերմուկի, Վարդենիսի և Սյունիքի ուղղությամբ, ինչու՞
նրա դեմ որևէ ծանր սպառազինություն չկիրառվեց, ինչու՞ էին պարապ կանգնած ՍՈւ-30-երը,
Իսկանդերները, Սմերչերը, իսկ թշնամու դեմ կռվում և զոհվում էին հիմնականում մեր թեթևազեն
զինվորները»,- գրել է նա։

Ըստ Չալաբյանի՝ այս հարցերի պատասխանը վաղուց պարզ է՝ կամ Փաշինյանը
ի սկզբանե եկել էր Արցախը հանձնելու, կամ էլ նա ապաշնորհ և ձախողակ գործիչ է, ով բացարձակ
չի համապատասխանում ազգի առաջնորդի բարձր կոչմանը, այն էլ մի ժամանակ, երբ մեր դեմ
այսպիսի դաժան և նենգ թշնամի է գործում։

«Փաշինյանը ոչ միայն խախտել է իր բոլոր հնարավոր խոստումները՝ նա
դրանց ուղիղ հակառակն է արել մինչև հիմա, մեր երկիրը կանգնեցնելով իրական աղետի առաջ։
Նա պետք է հասկանա, որ իր իշխանությունը ոչ միայն հավերժ չի, այլև մոտենում է ավարտին,
սակայն յուրաքանչյուր օրը նոր կորուստներ է բերում մեր հայրենիքին և ժողովրդին։ Նրանից
ավել, դա պետք է հասկանան շուրջը խմբված կամակատարները, որոնք պետք է գիտակցեն, որ
հետագա յուրաքանչյուր կորստի համար անձնական պատասխանատվություն են կիսելու Փաշինյանի
հետ, և այդ պատասխանատվությունից չեն կարողանալու փախչել»,-նշել է Չալաբյանը։