
Ամփոփվեցին «Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի աշխատանքները
Մանկաբարձական բռնության մասին ընդամենը մեկ-երկու տարի առաջ խորը լռություն էր, շատերը չգիտեին եզրույթի մասին, իսկ երևույթի մասին խոսել դժվարանում էին թե՛ բժիշկներն ու բուժաշխատողները, թե՛ կանայք։ Այսօր արդեն գրվում են լրագրողական նյութեր, ստեղծվում են ստեղծագործական աշխատանքներ՝ թեմայի վերաբերյալ։
Փետրվարի 26-ին ամփոփվեցին «Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի աշխատանքները։ Ծրագիրն իրականացվել է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
«Նման տաբուացված, երբեմն նաև բացատրելու համար դժվար թեմաները ոչ բոլոր դոնորներն են կարևորում և ոչ բոլորն են պատրաստ սատարել քաղհասարակությանն իրենց ջանքերում»,- իր ողջույնի խոսքում նշեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը՝ ներկայացնելով Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիրը։
«Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթը «Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 50 հայտ, որոնք գնահատվել էին ժյուրիի կողմից։
Ստեղծագործական նյութերի անվանակարգում պատմվածքների համար երկու գլխավոր մրցանակները՝ Նարինե Գալոյանին («Մի ծննդյան պատմություն») և Մարինե Քոչարյանին («Մի ոտքով գերեզմանում») հանձնեց Հայաստանում Շվեդիայի դեսպանության փոխդեսպան, Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը։
«Շատ ուրախ եմ տեսնել այն հրապարակումները, որոնք նախաձեռնվել են Շվեդիայի զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրով։ Շնորհակալություն նաև մեր գործընկերներին, որոնք անդրադարձել են այս բավականին կարևոր, բայց նաև Հայաստանում որոշակիորեն տաբուացված այս թեմային»,- ասաց Կլաս Վալդենստրյոմը։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կողմից «Արժանապատիվ մայրություն․ պայքար հանուն․․․» պատմվածքի համար հատուկ մրցանակ շնորհվեց Մարինա Գևորգյանին․ «Մեզ համար կնոջ առողջությանն առնչվող ամեն թեմա կարևոր է։ Եվ այն գործունեությունը, որ դուք ծավալում եք, որպեսզի կինը չենթարկվի որևէ բռնության, շատ բարձր ենք գնահատում»,- նշեց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հատուկ մրցանակ շնորհվեց լրագրող Մարիամ Սարգսյանին՝ «Վերջին արցախցիները»-ը վավերագրական ֆիլմի համար․
«Ֆիլմը բոլորիս հուզեց, շատ տպավորչ էր։ Այն ցույց է տալիս կանանց տոկունությունը, խիզախությունը, սպիտակ բանակի իր գործին նվիրվածությունը դժվար պահին, երբ պատերազմ էր, շրջափակում, չկար դեղորայք, սնունդ..․ Ի դեմս Մարիամ Սարգսյանի մենք ուզում ենք պարգևատրել այդ բոլոր կանանց, բոլոր բժիշկներին, որ այդ դժվար, ծանրագույն պայմանները արժանապատվորեն են հաղթահարել, և նրանք մեզ հույս են ներշնչում, որ ամեն ինչ կարելի է հաղթահարել»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը:
Լրագրողական նյութերի անվանակարգում հանձնվեց չորս խրախուսական մրցանակ Սոնա Մարտիրոսյանին («Սպի մարմնի ու հոգու վրա. «Ես չէի հավատում, որ սա ինձ հետ է կատարվում». մանկաբարձական բռնության անտես կողմերը»), Մարիաննա Փայտյանին («Ինչո՞ւ են կանայք տանը ծննդաբերում. երևույթի հոգեբանական ու իրավական կողմերը»), Սաթենիկ Հայրապետյանին («Նոր կյանք՝ «կյանքի գնով»․ ինչ է մանկաբարձական բռնությունը») և Գայանե Մարկոսյանին («Մանկաբարձական բռնությունը Հայաստանում․ Չկան թվեր՝ չկա խնդի՞ր»):
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր «Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում» որակական հետազոտությանը․
«Սա առաջին ու դեռևս միակ հետազոտությունն է, որը վերաբերվում է հայաստանյան իրողություններին։ Այն ցույց տվեց, որ մեր ունեցած կասկածները արժանապատիվ մայրության իրավունքի խախտման տարբեր դրսևորումների վերաբերյալ, ցավոք, իրողություն են։ Եվ, այս հետազոտությունը պետք է մեծապես կարևորվի պետության կողմից և սրա արդյունքում պետք է նախաձեռնվեն առավել լայնածավալ քանակական և որակական ուսումնասիրություններ, պետք է իրականացվեն օրենսդրական և գործնական դաշտում բարեփոխումներ»,- ասաց «Կետ 33» ՀԿ նախագահ, «Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանը։
Հետազոտության հեղինակ, հանրային առողջության մասնագետ Լուսինե Քոչարյանը ներկայացրեց, որ հետազոտությունն իրականացվել է երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում վերջին 3 տարվա ընթացքում երեխա ունեցած 28 կանանց և 10 բժշկի՝ մանկաբարձ-գինեկոլոգի մասնակցությամբ։ Վեր են հանվել բռնության հետևյալ հիմնական դրսևորումները՝ անտեսվածություն, տեղեկացված համաձայնության իրավունքի խախտումներ, առանց կնոջ համաձայնության երրորդ կամ աջակցող անձի ներկայություն, ցավի նորմալացում, ցավազրկման մերժում, մեկուսիության և գաղտնիության իրավունքի խախտում։
Հետազոտության արդյունքների ներկայացումից հետո ակտիվ քննարկվեցին ներկայացված խնդիրներն ու բարեփոխումների առաջարկությունները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի և կառավարության, միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք պատրաստակամություն հայտնեցին համագործակցության՝ ծննդօգնության ոլորտում դրական փոփոխություններ ունենալու նպատակով։