03 Մար
2025
3.2° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալիայում մահացել է 2,4 միլիոն երեխայի կյանք փրկած դոնորը

Ավստրալիայում մահացել է 2,4 միլիոն երեխայի կյանք փրկած դոնորը

Ավստրալիայում մահացել է աշխարհի ամենաարդյունավետ դոնորներից մեկը: Նրա պլազման փրկել է 2,4 միլիոն նորածնի կյանք, քանի որ այն պարունակում էր հազվագյուտ իմունոգոլոբուլին (Rho(D), հակա-D), որն օգտագործվում է հատուկ շիճուկ ստեղծելու համար։ Այն նշանակվում է բացասական ռեզուս գործոնով հղի կանանց՝ մոր և երեխայի միջև ռեզուս կոնֆլիկտը կանխելու համար: Ջեյմս Հարիսոնը 88 տարեկան էր։ Նա մահացել է քնած ժամանակ Նոր Հարավային Ուելսի ծերանոցում փետրվարի 17-ին, սակայն նրա ընտանիքը միայն այսօր է հայտարարել նրա մահվան մասին։

Ավստրալական Կարմիր խաչի արյան ծառայությունը Հարիսոնի մահախոսականում գրել է, որ նա որոշել է դոնոր դառնալ 14 տարեկանում այն բանից հետո, երբ կրծքավանդակի խոշոր վիրահատության ժամանակ արյան փոխներարկում է ստացել։ Նա սկսել է արյան պլազմա նվիրաբերել 18 տարեկանում և շարունակել դա անել երկու շաբաթը մեկ՝ մինչև 81 տարեկանը:

2005 թվականին նա սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ նվիրաբերված ամենաշատ պլազմայի համար: Հարիսոնի դուստրը՝ Թրեյսի Մելոշիփը, նշել է, որ իր հայրը չափազանց հպարտ էր այն փաստով, որ փրկել է այդքան շատ կյանքեր՝ առանց իրեն ցավ պատճառելու կամ վնասելու: «Նա միշտ ասում էր, որ դա ցավոտ չէ, և այն կյանքը, որը դու փրկում եքս, կարող է լինել քո սեփականը», – հիշում է նա:

Ե՛վ նա, և՛ Հարիսոնի երկու թոռները ստացել են նրա արյան պլազմայից ստեղծված շիճուկ: Հակառեզուս իմունոգլոբուլինի (նաև հայտնի է որպես Rho(D)) շիճուկի ներարկումները կանխում են պտղի և նորածնի հեմոլիտիկ հիվանդության զարգացումը (HDN): Այն առաջանում է մոր և չծնված երեխայի արյան անհամատեղելիության պատճառով, երբ մայրն ունի բացասական ռեզուս գործոն, իսկ երեխան՝ դրական։ Հղի կնոջ իմունային համակարգը սաղմի արյան բաղադրիչներն ընկալում է որպես օտար մարմին և արտադրում է հակամարմիններ, որոնք «հարձակվում են» պտղի վրա։ Սա կարող է լրջորեն վնասել երեխայի առողջությանն՝ առաջացնելով ծանր անեմիա, սրտի անբավարարություն և նույնիսկ մահ։