Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի վերաբացմանը. Շառլ Միշել
ԵՄ նախագահ Շառլ Միշելի գրասենյակն անդրադարձել է Լաչինի միջանցքի
ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության անհրաժեշտությանը:
«Միշելը շարունակում է սերտորեն ներգրավված լինել այդ և այլ մոտեցումների
առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի
հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ
Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, զրուցել է նաև Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ իրավիճակն Արցախում արագ վատթարանում
է, պետք է ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։
«Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք
է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝
ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես
էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն։ Տեղում այս ծանր իրավիճակը չափազանց երկար
է տևել։ Այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական
հասանելիությունը նաև աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ»,-ասված է Միշելի գրասենյակի
տարածած հաղորդագրության մեջ: