
ԵՄ-ն շուտով կվերանայի Ուկրաինային ֆինանսական աջակցության իր պլանները. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը շաբաթների ընթացքում կվերանայի Ուկրաինային աջակցելու իր ծրագրերը․ այս մասին նա հայտարարել է Kossuth ռադիոկայանի եթերում։
Հունգարիան ԵՄ անդամ միակ երկիրն էր, որը մարտի 6-ին չի աջակցել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ արտահերթ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթին։ Օրբանը հայտնել է, որ Հունգարիան բնակչության շրջանում հարցում կանցկացնի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, քանի որ կարծում է, որ նախ պետք է լուծվի այդ հարցը, և միայն հետո Ուկրաինային համայնքի կողմից ֆինանսական աջակցության մասին որոշում կայացվի։
Նրա խոսքով՝ Բրյուսելում այժմ «հաշվարկներ են անում», թե որքան կարժենա ուկրաինական բանակը պահելը, որը Վլադիմիր Զելենսկին իբր ցանկանում է հասցնել միլիոնի, և ուկրաինական պետության գործունեության պահպանումը։
«Հիմա նրանք հաշվում են: Եվ կարծում եմ, որ հաշվարկների արդյունքը կլինի այն, որ մենք չենք կարող դա թույլ տալ մեզ: Կարծում եմ, որ հունգարական կարծիքը ճիշտ ժամանակին կհայտնվի եվրոպական այս բանավեճում, և այդ ժամանակ պարզ կդառնա, որ մենք ինքներս մեզ կկործանենք, եթե անենք այն, ինչ 26 անդամ երկրներ երեկ ճիշտ համարեցին», – ասել է Օրբանը:
Հունգարիայի վարչապետն ընդգծել է` ԵՄ-ն միակը չէ, որի գումարները չեն բավականացնի բոլոր նպատակներն իրականացնելու համար, դրանք հնարավոր չէր լինի իրականացնել նույնիսկ ԱՄՆ ֆինանսական մասնակցությամբ։