28 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ե՛վ Արցախի իշխանությունները, և՛ բոլոր միջնորդները պետք է զգուշավորություն և պրոֆեսիոնալիզմ դրսևորեն բանակցություններ վարելիս․ Արտակ Բեգլարյան

Ե՛վ Արցախի իշխանությունները, և՛ բոլոր միջնորդները պետք է զգուշավորություն և պրոֆեսիոնալիզմ դրսևորեն բանակցություններ վարելիս․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում
է կատարել՝  խոսելով այսօր Ակնայով (Աղդամ)
Արցախ մտած ռուսական հումանիտար օգնության
մասին և նշել մի քանի հիմնական կետեր այս առնչությամբ։

«1. Սա առաջին մարդասիրական մատակարարումն է արցախցիներին հունիսի
15-ից ի վեր՝ ադրբեջանական ցեղասպանության պայմաններում։

2. Դա կարող է դիտվել որպես Ալիևի ռեժիմի հաջողություն, քանի որ
նրանց հաջողվեց միջնորդների օրակարգ մտցնել «Աղդամի երթուղին» և ապահովել բեռնատարի
մուտքը իրենց կողմից՝ նվազեցնելով Լաչինի միջանցքի բացառիկ դերը։

3. Այնուամենայնիվ, նրանք ձախողեցին ադրբեջանական Կարմիր մահիկի
հանցավոր ապրանքներն Արցախ առաքելու հարցում: Կարևոր է, որ ոչ մի ադրբեջանական ապրանք,
անձնակազմ և մեքենա մուտք չի գործել Արցախ:

4. Թեև դա կարող էր մեկնաբանվել նաև որպես ռուսական հաջողություն,
սակայն, ընդհանուր առմամբ, նրանք ձախողել են։ Պատճառն այն է, որ նրանք չկարողացան ապահովել
Լաչինի միջանցքի բացումը իրենց պարտականությունների համաձայն և չստիպեցին Ադրբեջանին
բացել այն գոնե Ակնայի երթուղու հետ միաժամանակ։

5. Եթե ադրբեջանական կողմը չկատարի իր պայմանավորվածությունները
և խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը
ուժով բացելու համար՝ կանխելու տեղում իր հեղինակության հետագա խաթարումը։

6. Եթե որևէ կերպ հնարավոր չէ խուսափել ադրբեջանական երթուղու օգտագործումից,
ապա անհրաժեշտ է քննարկել նաեւ այլ ուղիներ: Օրինակ, ինչո՞ւ թույլ չտալ ռուսական բեռնատարի
մուտքը Շուշիից՝ Ակնայի փոխարեն, հատկապես, երբ շրջափակումից առաջ նման դեպքեր են եղել:
Դա որոշակիորեն կնվազեցնի ադրբեջանական երթուղու բացասական ազդեցությունները։

7. Ե՛վ Արցախի իշխանությունները, և՛ բոլոր միջնորդները պետք է զգուշավորություն
և պրոֆեսիոնալիզմ դրսևորեն բանակցություններ վարելիս՝ առաջին քայլից առաջ հստակեցնելու
բոլոր մանրամասները: Կարծես թե, ոչ բոլոր մանրամասներն էին նախօրոք փոխհամաձայնեցվել
ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մուտքից առաջ, և Ադրբեջանը կարող է փորձել օգտագործել
այդ բացը` վտանգի ենթարկելու ռուսական այս նախաձեռնությունը:

8. Այս մտահոգություններին չանդրադառնալը և պայմանավորվածությունների
կատարման հարցում գերտերությունների անմիջական երաշխիքների չապահովումը կարող է Ադրբեջանին
թույլ տալ աստիճանաբար անցնել կարմիր գծերը և շահել ավելին, քան կարող է նման մոտեցման
պարագայում»:

Բեգլարյանը հիշեցրել է ,որ այսօր լրանում է Արցախի ժողովրդի ցեղասպանական
շրջափակման 9-րդ ամիսը:

«Մեր ժողովուրդը խստորեն դիմադրում է ադրբեջանական բռնապետական
և ցեղասպան ռեժիմին մեզ հպատակեցնելու ադրբեջանական և միջազգային հանցավոր բոլոր ջանքերին»,-գրել
է նա։