
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Այսօրվա դատական նիստում պաշպանության կողմը միջնորդեց վերացնել Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, միևնույն ժամանակ, արձանագրել, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Ինչպես արձագանքեցին պաշտպանները, վկաների 90 տոկոսն արդեն հարցաքննվել է, մյուսներն Աշոտյանի մեղադրանքին առնչություն չունեն։
Պաշտպանության կողմն ուշադրություն հրավիրեց մի քանի հանգամանքի՝ նախ Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելը, ինչպես նաև՝ խափանման միջոցով պայմանավորված Աշոտյանի քաղաքական գործունեության սահմանափակումները։
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները վեց ամսվա ընթացքում 21 անգամ այցելել են իր բնակության վայր և որևէ խախտում չեն հայտնաբերել։ Բացի այդ, նա ընդգծել է, որ սահմանափակված է իր քաղաքական գործունեությունն ամբողջությամբ և եթե ՔԿՀ-ից կարող էր նամակ գրել, փոխանցել գործընկերներին, որ ուղարկեն ԵԺԿ, ապա այդ դա էլ չի կարող անել։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց մերժել միջնորդությունը և երկարացնել Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով, նրան թույլատրվեց հանդիպել ՀՀԿ ԳՄ անդամների հետ։