
Իրանը չի ստացել Թրամփի ուղերձը միջուկային բանակցությունների վերաբերյալ
Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առաջարկող հաղորդագրություն չի ստացել. հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«Ոչ, մենք չենք ստացել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Մարտի 7-ին Թրամփը Truth Social սոցիալական կայքում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Ալի Խամենեին, մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի այս հայտարարությունը, նշել է, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։