25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը Հայաստանի ու Ռուսաստանի միջև դառնում է միջնորդ․ քաղաքագետ

Էրդողանը Հայաստանի ու Ռուսաստանի միջև դառնում է միջնորդ․ քաղաքագետ

Որպես Ադրբեջանի դաշնակից հանդես եկող երկրներն էլ, գոնե հրապարակային,
պահանջում են մարդասիրական նկատառումներով բացել Լաչինի միջանցքը. ABC Media-ի հետ
զրուցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով` գոյություն ունի Հաագայի դատարանի որոշում, Միացյալ
Նահանգների սենատի պահանջ, որ Ադրբեջանը պետք է բացեր ճանապարհը` բնականաբար պահելով
սեփական դեմքը։

«Այսինքն պետք է ցույց տար, որ իր պայմանը, թեկուզ դեռևս սիմվոլիկ,
ընդունվել է ու բացվել է Աղդամի ճանապարհը։ Մյուս կողմից` Ադրբեջանի ղեկավարը խնդիր
ունի իր ժողովրդի ցույց տալու, որ իրենք չեն զիջել և իրենց պայմաններն են կատարվել
և Լաչինի միջանցքը միայն բեռնատար մեքենաների համար է բացվում»,- ասաց քաղաքագետը։

Դանիելյանի համոզմամբ` իրադարձությունների զարգացումը պայմանավորված
է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցով, ինչպես նաև սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի և Թուրքիայի
նախագահների հանդիպումով, որտեղ, բնականաբար, այս հարցերը նույնպես քննարկվել են։

«Միջազգային մի շարք այլ հանդիպումներ ևս եղել են, ու դրանց ընթացքում
պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահի միջև, ենթադրում
եմ, տարբեր թեմաների շուրջ եղել են գլոբալ պայմանավորվածություններ` սկսած Աֆրիկայից,
Մերձավոր Արևելքից, Ուկրաինայից, Հարավային Կովկասից, և, բնականաբար, ինչ-որ տեղ կողմերից
մեկը որոշակի զիջումների է գնացել։ Ինչո՞ւ զրուցեցին Փաշինյանն ու Էրդողանը, ենթադրաբար,
ինչ-որ հաստատում պետք է ստանար Էրդողանը Փաշինյանից, երկրորդը հաշվի առնելով Ռուսաստան-հայաստան
հարաբերությունների աննախադեպ վատթարացումը, որը պատմության մեջ երբեք չի եղել այս
աստիճանի, տեղի է ունենում այն, որ պայմանները Փաշինյանին փոխանցում է ոչ թե Պուտինը,
այլ Էրդողանը»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով` փաստացի ստացվում է, որ Էրդողանը Հայաստանի ու Ռուսաստանի
միջև դառնում է միջնորդ։